«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը խարխլող միտումնավոր գործողությունները:
Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որում մասնավորապես ասվում է.
«ՀՀ-ում սույն թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների արդյունքում, իբրև սիրո և համերաշխության հեղափոխության անվան տակ, բայց իրականում՝ նախկին իշխանությունների կողմից սույն թվականի մայիսի 8-ին բացահայտ կազմակերպված նպատակային իշխանափոխության արդյունքում, Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունը ժամանակավորապես հանձնվեց Նիկոլ Փաշինյանին, ում՝ վարչապետի պաշտոնում 100-օրյա գործունեության մասին, կխոսենք առաջիկայում:
Պարոնայք և տիկնայք, միթե, իրոք, չեք գիտակցում, որ և ՀԱՊԿ-ը Երկիր մոլորակի բոլոր պետությունների համար մեծ հեղինակություն վայելող, և, որ հայերիս համար ամենակարևորը` ՀՀ արտաքին անվտանգության միակ երաշխավոր ռազմաքաղաքական կազմակերպությունն է:
Եվ, առանց պաշտոնապես զգուշացնելու ՀԱՊԿ-ին, Հայաստանի բարձրագույն իշխանության որոշումով, Հայաստանի ներքին խարդավանքների և անձնական վենդետաների արդյունքում՝ մեղադրանք եք առաջադրում ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին՝ մեկընդմիշտ ջնջելով Հայաստանի ու հայ ժողովրդի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, միջազգային հեղինակություն վայելող ՀԱՊԿ-ի հետ ռազմաքաղաքական կենսական համագործակցությունը, և ՀԱՊԿ-ի հիմնադիր, հայ ժողովրդի համար քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդի, ասել է թե՝ ՌԴ-ի հետ դարավոր բարեկամությունը՝ միայն ու միայն ոգեշնչելով ինքնիշխան ՀՀ-ի և Երկիր մոլորակի բազմաթիվ պետությունների համար ռազմաքաղաքական դաշտում թշնամի հանդիսացող ՆԱՏՕ-ին:
Եթե դուք, իրոք, մտահոգված լինեիք Հայաստանի և հայ ժողովրդի արտաքին անվտանգության համար, ապա նույնքան մտահոգված կլինեիք նաև ՀՀ-ի արտաքին անվտանգությունը պաշտպանող ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակության պահպանման համար, և ուրեմն, դուք պարտավոր էիք շատ արագ, դիվանագիտական ճանապարհով՝ ոչ հրապարակային, անհնարինը դարձնել հնարավոր, որպեսզի ՀԱՊԿ-ի ղեկավարությունը փոխեր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որից հետո նոր միայն մեղադրանք առաջադրեիք Յուրի Խաչատուրովին՝ չսասանելով ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը: Իսկ դուք դա չարեցիք:
Սա նշանակում է, որ դուք, նախապես պատրաստվելով, և Յուրի Խաչատուրով անվան, ազգանվան տակ, հրապարակավ, հստակ գործողություն կատարեցիք՝ հեղինակազրկելու, կրկնում եմ, ՆԱՏՕ-ի համար ահ ու սարսափ դարձած ՀԱՊԿ-ին: Միթե ձեզ թվում է, որ ակնհայտ պատվիրված պետականակործան այս ծրագրերի իրականացման արդյունքում դուք իրավունք ունեք և կարող եք գլխիվայր շրջել նորանկախ Հայաստանի 26-ամյա փառապանծ պատմությունն ու այդ պատմության գլխավոր ձեռքբերումը՝ արցախյան փառավոր հերոսամարտը, և ոչնչացնել, առաջիկա հազարամյակում տեղի ունեցող, Հայաստանի և հայ ժողովրդի ազնիվ, հավատարիմ և անդավաճան բարեկամությունն ու համագործակցությունը և՛ ՌԴ-ի , և՛ ՀԱՊԿ-ի հետ: Իհարկե, չե՛ք կարող»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը