«Նախագահն իր կարգավիճակից բխող գործողությունների համար օժտված է իմունիտետով: Հակառակ դեպքում ինչո՞ւ են տվել իմունիտետը»,- լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատարանում են, որտեղ քննվում է նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը:
Փաստաբանները զրմանք են արտահայտում դատարանի հապճեպության շուրջ:
«Ես տեսնում եմ հապճեպության խնդիր: Մարդկային վերաբերմունք ցուցաբերեք մեր նկատմամբ: Ես ՀՔԾ-ից դուրս եմ եկել ժամը 18-ի սահմաններում: Ինձ տվել են 136 էջ, բերել-գցել եմ տուն՝ հույսով, որ մի քիչ հանգստանամ, հասցնեմ ծանոթանամ, քանի որ արգելանքի տակ չէ Ռոբերտ Քոչարյանը, հետո հասցնեմ պատրաստվեմ, որ կարողանամ գալ այստեղ՝ իմ տեսակետն արտահայտեմ։ Եվ հանկարծ ինձ ժամը 9.35-ին տալիս են ծանուցագիր, որ 10-ին ներկայանամ դատական նիստին։
Ես ե՞րբ հասցնեմ նյութերին ծանոթանալ, որ կարողանամ առարկություններս բերել: Արդյոք սա հապճեպություն չի՞ դատավորի կողմից»,- դժգոհեց Ռուբեն Սահակյանը։
Նա համարում է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան, ավելին՝ «ականջներից ձգած» մեղադրանք է: Փաստաբաի կարծիքով, ամեն ինչ արվում է դատախազների կողմից, որ հայտարարվի, թե Քոչարյանը խուսափում է ներկայանալ, ուրեմն …
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը