24 07 2018

ԱՄՆ-ն դադարեցնում է F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային

ԱՄՆ-ն դադարեցնում է F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 2019 թվականի ռազմական ծախսերի մասին նախագիծը, որում անդրադարձ կա նաև Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում տալով Washington Times-ին:

Որոշման համաձայն՝ նախագծի ընդունումից հետո 90 օրվա ընթացքում Պենտագոնը պետք է Կոնգրեսին ներկայացնի թուրք-ամերիկյան հարաբերությունների այժմյան վիճակի մասին  զեկույցը, որում պետք է ներկայացված լինեն նաև Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու գործարքի՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա թողած ազդեցությունը և ԱՄՆ ռազմական արդյունաբերության համար ստեղծված վտանգները:

Մինչև Պենտագոնը զեկույցը կներկայացնի կոնգրեսականներին, F-35-երի մատակարարման գործընթացը Թուրքիային ժամանակավորապես դադարեցված կլինի։

F-35 կործանիչն օգտագործվում է որպես Վաշինգտոնի՝ Անկարայի վրա ճնշման միջոց Ռուսաստանի հետ նրա ռազմական կապերի ամրապնդման, մասնավորապես՝ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու պատճառով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ