23 07 2018

Առաջիկա ընտրությունները, կադրային քաղաքականությունը, միանձնյա ղեկավարումը՝ փորձագիտական հայացքով

Առաջիկա ընտրությունները, կադրային քաղաքականությունը, միանձնյա ղեկավարումը՝ փորձագիտական հայացքով

«Ազգային ժողովի ընտրություններում «Ելք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները հավանական է՝ առանձին ցուցակով գնան: Արմեն Սարգսյանը և Էդմոն Մարուքյանն ընդգծված արևմտամետ են, իսկ գործող իշխանությունը կարմիր քարտ ցույց չի տա Ռուսաստանին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Կարեն Քոչարյանը:

Քաղաքագետը նշեց, որ ԲՀԿ ու Հանրապետականը նույն խնդիրն են ունեցել: Այսինքն՝ կուսակցությունը զբաղվել է և քաղաքականությամբ, և բիզնեսով, և կրիմինալով. այս երկու կուսակցությունները կառուցվածքային տեսանկյունից նույնն են:

Երևանի ավագանու ընտրությունները ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ «գլխավոր փորձ» կլինեն: Այսպիսի տեսակետ հայտնեց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը։

Միաժամանակ, նրա խոսքով, այսօր ոչինչ կանխատեսել հնարավոր չէ. «Հստակ է միայն, որ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ բավական դրական տրամադրվածություն է ձևավորվել: Միաժամանակ, ավագանու ընտրություններն արհեստականորեն հետաձգվում են: Կուլուարներում արդեն իսկ պայմանավորվածություններ կան»։ Դրա հետ մեկտեղ, նա դժգոհություն հայտնեց, որ «Քաղաքացիական պայամանագիրը» ամեն տեղ միանձնյա է գնում, գերադասում է անփորձ երիտասարդներին, քան փորձված համախոհներին։

«Ինչ վերաբերվում է ընտրություններին, արդեն նկատվում է անարդարություն: Հաճախ է հնչում այն կարծիքը, եթե Նիկոլի կողմանկիցը չես, ապա ուզում ես Սերժը հետ գա: Այս պահից պետք է առողջ տրամաբանական մրցակցության գնալ: Ամեն ուժ պետք է իր ռեսուրսը ցույց տա»,- նշեց Սարուխանյանը

Ազատամարտիկն անդրադառնալով քաղաքապետի ընտրությանը՝ նշեց, որ ավագանու բոյկոտի հիմքում պայմանավորվածություն կար:

«Ի տարբերություն Սարուխանյանի՝ ես միտում չեմ տեսնում, քանի որ արդեն իսկ հասկանալի է, թե ինչու Հանրապետական կուսակցությունը չի մասնակցել: «Ելք»-ի հարցում պարզ է, որ գնում է ավագանու արտահերթ ընտրության ՝ նպատակ ունելանով «Քաղաքացիական պայմանագրի»-ի անդամին դարձնել Երևանի քաղաքապետ»,- ասաց Կարեն Քոչարյանը, ինչին Գոռ Սարուխանյանը հակադարձեց. «Ելք»-ն ասում է, որ Ձեր քմահաճույքով գնացեք ու նիստ արեք. չէ՞ որ միայն Հանրապետականի չգալով քվորում չէր ապահովի: «Ելք»-ը կարծես Հանրապետականին ասեր՝ ինչ ուզում ես՝ արա: Դա քմահաճ քայլ էր: Ես գնահատական չեմ տալիս: Պարզ է՝ բեմահարթակից դուրս քայլ էին»:

Անդրադառնալով կառավարության կադրային քաղաքականությանը՝ Սարուխանյանն ընգծեց, որ Փաշինյանը կարող էր ընդգրկել արտախորհրդարանական ուժերին՝ ձևավորելով ազգային համաձայնություն: Նա ընդգծեց. Հայաստանն ու նոր իշխանությունը չկարողացան ապացուցել Եվրոպային, որ Հայաստանը դարձել է Ժողովրդավարական պետություն:

Կարեն Քոչարյանն էլ կարծիքին է, որ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է վերանայի ինքն իրեն: Ըստ նրա՝ համաշխարհային պրակտիկայում պարտված կուսակցական ղեկավարը չի մնում իր դիրքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ