20 07 2018

ՌԴ Հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալը ժամանել է Հայաստան

ՌԴ Հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին, որոնց ուղեկցում էր ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Քննարկվել են նաև օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Գնդապետ Ստեխովը իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և հավաստել է ռուսական ռազմաբազայի հրամանատարության կողմից հետայցու նման հարցերում առավել զգույշ և հետևողական լինելու պատրաստակամության մասին։

Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազայի գործունեության և հատկապես մարտական պատրաստության միջոցառումների ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը։ Պաշտպանության նախարարը նշել է, որ հուլիսի 22-ին ինքը անձամբ ժամանելու է Փանիկ գյուղ և կմասնակցի միջադեպի հետևանքների վերացմանը ուղղված միջոցառումներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմը պաշտոնապես ներողություն էր խնդրել Փանիկի միջադեպի առիթով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ