Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը հուլիսի 20-ին՝ «Հայաստան և Ռուսաստան. իրականություն, խնդիրներ և հնարավորություններ» խորագիրը կրող համաժողովի ընթացքում, հայտնել է՝ Հայաստանի համար ՆԱՏՕ-ի թեզը և հյուսիսատլանտյան այլընտրանքը, որի մասին հաճախ է խոսվում, ունի մի պարզ, հակընդդեմ թեզ. այն Հայաստանի համար փակ է ու քաղաքականապես ակտուալ չէ:
«Քաղաքական շահարկումների համար՝ այո: Ինչու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է ու ոչ միայն շարքային անդամ, այլև իր ռազմական ներուժով երկրորդը ԱՄՆ-ից հետո: Եվ այս երկիրը Հայաստանի հետ ոչ միայն ունի բավականաչափ բարդ պատմական հարաբերությունների հայեցակարգ, այլև այն Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, երկիրը, որ ներդրում է անում Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համակարգում և ամբողջությամբ աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում»,-նշել է Սերգեյ Մարկեդոնովը: Ըստ ռուս քաղաքագետի՝ այստեղ է, որ առաջանում է Ռուսաստանի գործոնը: Ոչ այն բանի համար, որ կա «ինչ-որ մի մեծ սեր» կամ պատմական մի ինչ-որ կանխորոշվածություն կամ խորհրդային, կայսերապաշտական ավանդույթներ, այլ զուտ հետաքրքրություններ:
Հայ-ռուսական հարաբերություններում քաղաքագետն առանձնացրել է մի իրողություն. «Կարծեք թե հայ-ռուսական հարաբերությունների թեման բավականաչափ հայտնի է, հետաքրքիր, բայց այն այնքան էլ շատ չի քննարկվում որպես արժեք: Այս մասին խոսվում է կա´մ ԼՂ հակամարտության համատեքստում, ինչը կարևոր հարց է, հատկապես հայկական ինքնության ու անվտանգության առումով, բայց երկկողմանի հարաբերությունները միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ չեն ավարտվում: Մենք ընդհանրական խոսում ենք տարածաշրջանային անվտանգության ու կայունության մասին, բայց հայ-ռուսական հարաբերությունների դինամիկայի մասին հաճախ չենք խոսում: Ահա այսպիսի պարադոքս»,- նշել է Մարկեդոնովը՝ հավելելով, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ հաճախ հայտնվում են «բավականաչափ լայն, միջազգային համատեքստերի տիրույթում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը