«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուս զինվորականների կազմակերպած զորավարժությունները և դրանց հետևած տարբեր կողմերի հակասական արձագանքները ձնագնդի նման պտտվելով՝ սպառնում են լուրջ ճգնաժամ ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում։ Դատելով նոր իշխանավորների նախնական ու ակնհայտորեն հապշտապ գնահատականներից, նրանք անգամ չեն էլ որոշել, թե ինչ դիրքորոշում են որդեգրելու տեղի ունեցածի հանդեպ։ ԱԱԾ-ի տնօրենը տեղի ունեցածը համարում է անփութության հետևանք և որևէ քաղաքական աստառ չի տեսնում։
Իսկ ահա վարչապետն այնպիսի տարօրինակ հայտարարություն է անում, որն անլուծելի ռեբուս է հիշեցնում՝ «Ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Մեղավորներին պետք է գտնել և պատասխանատվության ենթարկել»։
Ստացվում է, որ ռուսական ռազմակայանի զինծառայողները, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում, իրենք են սադրում հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու գործընթացը, միգուցե ավելի հարմար վայրո՞ւմ ծառայելու համար։ Այստեղ ինչ-որ բան այն չէ, մանավանդ որ ընդամենը մեկ օր անց՝ հուլիսի 18-ին, Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական ու ռազմական ներկայացուցիչներն ու Գյումրիի ռազմակայանի հրամանատարը արդեն պաշտոնապես ներողություն են խնդրել միջադեպի համար պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ, սակայն տեղի ունեցածի շուրջ կրքերը չեն հանդարտվում։
Ինչ-որ բան այն չէ, որովհետև հենց նույն օրը՝ հուլիսի 18-ին, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Մ.Բոչարինովը հայտարարել է Իլհամ Ալիևի մոտալուտ մոսկովյան այցի մասին, երբ նրան այնտեղ սպասում էին արդեն իսկ նշանակված ժամկետներում՝ օգոստոսի 30-ին, ապա՝ սեպտեմբերի 1-ին։ Ի դեպ, Ի.Ալիևը մինչ այդ Իտալիա էր մեկնել հակառուսական ուղղվածություն ունեցող Հարավային գազային միջանցքի շուրջ բանակցելու համար, բայց դա նրան ներվում է։ Իսկ ահա մեր ձախողակներին թույլ չեն տալիս անգամ որոշել, թե ով է ներկայացնելու մեր երկիրը այս կամ այն միջոցառման ժամանակ։ Որովհետև օրերս Ռուսաստանից դժգոհել են Սանկտ Պետերբուրգում նշանակված՝ ԱՊՀ վարչապետերի հավաքին Հայաստանի առաջին փոխվարչապետ Ա.Միրզոյանի մասնակցությունից և առաջ են քաշել Ն.Փաշինյանի ներկայությունն ապահովելու հարցը։
Թվում է, մեր երկրի նոր ղեկավարությունը Մոսկվայի համար ինչ-որ անցանկալի քայլեր է արել իր վերջին՝ բրյուսելյան այցի օրերին։ ԱՊՀ վարչապետերի հավաքին հետևելու է օգոստոսի սկզբին Վրաստանում նշանակված ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը, որը միշտ էլ վատ է ընդունվում Մոսկվայի կողմից։ Բայց խնդիրը միայն դա չէ, քանի որ նման դժգոհության դեպքեր եղել են նաեւ Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանն արդեն պաշտոնապես սպառնալիքներ է ուղղել Վրաստանին ու Ուկրաինային ՆԱՏՕ ներառելու վերաբերյալ հայտարարություններ անող արեւմտյան պաշտոնյաներին, եւ այդ պահին Հայաստանի ղեկավարության վարքագիծը նրան հիշեցրել է կեսարյան անմահ «Եվ դո՛ւ Բրուտոս»-ը։
Եվ ահա նման պայմաններում վարչապետի բրյուսելյան այցի օրերին ռուսական մամուլը մեծ ու ակնհայտորեն անհամաչափ աղմուկ էր բարձրացրել Հայաստանի արտաքին քաղաքականության արևմտյան տրենդի շուրջ։ Եվ դա այն պարագայում, երբ Ն.Փաշինյանի բրյուսելյան այցը ձախողված է համարվում Հայաստանի արևմտյան ինտեգրման հեռանկարի տեսանկյունից, որովհետև այնտեղ մեզ ընդամենը 10 միլիոն եվրոյի օգնություն խոստացան, որին ի պատասխան՝ վարչապետն էլ մատնանշեց, որ նման չափի գումար կարող է ապահովել մեր ամենազոր ԱԱԾ-ի դիմակավորների որևէ մեծահարուստի մոտ սովորական ռեյդ կազմակերպելու շնորհիվ։
Ստացվում է, որ Արևմուտքը մեր փողերն է կտրում, իսկ Ռուսաստանը մի բան էլ սպառնում է վերջինիս հետ հարաբերությունների թվացյալ սերտացման կապակցությամբ։ Ճիշտ ու ճիշտ հայտնի կինոնկարում երջանկահիշատակ Արմեն Խոստիկյանի հնչեցրած արտահայտությունը. «Մարդը հացս կտրեց, կնիկը՝ ջուրս»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում::
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը