102-րդ ռազմակայանի ծառայողները խախտել են միջպետական համաձայնագիրը: Այս մասին ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում ասվում է.
«Հուլիսի 17-ին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան (102-րդ) ռազմական կայանի ստորաբաժանումները զորավարժություներ են իրականացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում՝ հրաձգության ձայներով անհանգստացնելով գյուղի բնակիչներին:
Դրան հաջորդեց քաղաքացիների դժգոհության ալիքը, և արդյունքում ռազմական կայանի հրամանատարի տեղակալը ներողություն խնդրեց Շիրակի մարզպետից: Փորձենք հասկանալ, թե արդյոք սա միայն բնակիչների անհանգստության հարցն է, թե՞ առկա է նաև օրենքի խախտում:
Համաձայնագրերը
Այսպիսով, «Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին» 1997 թվականի համաձայնագրի 2-րդ հոդվածն ամրագրում է, որ ռազմակայանի զինծառայողներին, ռազմակայանի տեղաբաշխման կետերի տարածքներից դուրս, զենք կարող է տրվել՝ «որպես ծայրահեղ միջոց»: Ընդ որում, այդ զենքը զինծառայողները կարող են պահել, կրել և կիրառել բացառապես պաշտպանական նպատակներով (ռազմաբազայի գույքը, զենքը, ծառայողներին ու ծառայողների ընտանիքի անդամներին պաշտպանելու համար):
Ըստ նշված համաձայնագրի, ինչպես նաև ըստ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» 1995թ. պայմանագրի` զենքը կարող է օգտագործվել ռազմակայանի տարածքներում, այդ թվում ռազմակայանին հատկացված հրաձգարաններում (որպես հրաձգարան օգտագործվող տարածքներում):
Մասնավորապես, այդ պայմանագրի 15-րդ հոդվածն ամրագրում է, որ «Ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների մարտական պատրաստությունն իրականացվում է ռազմակայանին հատկացված տարածքում: Հատկացված տարածքների սահմաններից դուրս մարտական պատրաստությունն իրականացվում է ըստ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության և Ռուսաստանյան Դաշնության Պաշտպանության նախարարության միջև ամեն տարի համաձայնեցվող պլանների:»: Այնինչ, Փանիկ գյուղը հատկացված չէ (և ոչ էլ կարող է հատկացված լինել) ռուսաստանյան ռազմակայանին, իսկ գյուղի ներսում զորավարժությունների իրականացումը չի կարող համաձայնեցված լինել Հայաստանի ՊՆ-ի հետ:
Այսպիսով, 102-րդ ռազմակայանի զինծառայողների կողմից Փանիկ գյուղում զենք կրելը և, առավելևս, այն կիրառելը, ակնհայտորեն հակասում է հայ-ռուսական միջպետական պայմանագրերին:
Առավել աղմկահարույց խախտումները
Սա առաջին տհաճ միջադեպը չէ, որ ծագում է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ծառայողների հետ: Մի կողմ թողնելով այն, թե ինչու են մշտապես նմանատիպ խնդիրներ ծագում ռուսական ռազմակայանի հետ, այլ ոչ թե Հայաստանի զինված ուժերի հետ, հիշեցնենք վերջին տարիներին տեղի ունեցած առավել աղմկահարույց դեպքերի քննության ընթացքը:
Այսպիսով, 2015 թվականի հունվարին ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի փախուստի ժամանակ (Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո) ՌԴ զինծառայողները պայմանագրերի խախտմամբ՝ հրազենի կիրառմամբ իրականացնում էին որոնողական աշխատանքներ և կրկին պայմանագրերի խախտմամբ ձերբակալեցին Պերմյակովին՝ վերջինիս չփոխանցելով Հայաստանի ոստիկանությանը: Ավելին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրերի խախտումների համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց: Այդ թվում՝ քննության առարկա չդարձավ այն, որ 102-րդ ռազմակայանից Վալերի Պերմյակովի զենքով փախուստի մասին, ի հեճուկս պայմանագրերի պահանջի, Հայաստանի ոստիկանությունը տեղեկացվեց միայն փախուստի մասին հայտնի դառնալուց 7 ժամ հետո, երբ Ավետիսյանների ընտանիքն արդեն սպանված էր:
Երբ 2013 թվականի ապրիլի 7-ին Վահրամաբերդ գյուղից երկու երեխաներ մահացան ռուսաստանյան ռազմակայանի պոլիգոնում ականի պաթյունի արդյունքում, ռուսական կողմում իրականացված քննության արդյունքում այդպես էլ մեղավորներին «չգտան», ու որևէ մեկը պատասխանատվություն չկրեց հրաձգարանում մարտական ական թողնելու և հրաձգարանի մուտքը համապատասխան նշաններով չկահավորելու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը