Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է երկրի նոր կառավարության կազմը, որում երեք նոր նախարար կա:
«Նովոստի-Գրուզիա»-ի հաղորդմամբ՝ շուտով Վրաստանի կառավարությունում 13-ի փոխարեն 11 նախարար կլինի և մեկ պետական նախարար: «Փոքր կառավարության» հայեցակարգի նպատակն է օպտիմալացնել գործադիր իշխանության աշխատանքը և նվազեցնել ծախսերը:
Կառավարությունում նոր դեմքեր կդառան Իվանե Մաչավարիանին` ֆինանսների նախարարը, Միխայիլ Բաթիաշվիլին, որը կգլխավորի Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, և Գեորգի Քոբուլիան, որը կդառնա էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար:
Դավիթ Զալքալիանին կմնա Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Ենթակառուցվածքների և Կայուն զարգացման նախարարությունը կշարունակի գլխավորել Մայա Ցկիթիշվիլին, ՆԳՆ-ն՝ Գեորգի Գախարիան: Արդարադատության նախարարի պաշտոնում կմնա Թեա Ցուլուկիանին, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Լևան Իզորիան:
Դավիթ Սերգեյենկոն կլինի օկուպացված տարածքներից փախստականների հարցերով, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարը: Քեթևան Ցիխելաշվիլին նոր կառավարությունում կզբաղեցնի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի պաշտոնը:
Կառավարության նոր կազմին պետք է վստահություն հայտնի Վրաստանի խորհրդարանը: Ակնկալվում է, որ քվեարկությունը տեղի կունենա մինչև շաբաթվա վերջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը