ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է որդու՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում թեկնածությունն առաջադրելու հարցին:
«Ես հավակնություն չունեմ՝ իմ որդին կդառնա քաղաքապետ, թե` չէ, բայց որ դառնա, մեծ սիրով կընդունեմ: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ինչպես բոլորը, հետո՞ ինչ, որ իմ որդին է: Թող մասնակցի, ի՞նչ է, ես էս ազգի դավաճա՞ն եմ: Բա մեր ընտանիքը տանջվել է, տառապել է: Եթե ինքը կորոշի, որ այսօր իր թեկնածությունը կդնի, ժողովուրդը պիտի քվեարկի, ես կամ Նիկոլ Փաշինյանը չենք տանի իմ երեխուն, պաշտոնի դնենք»,-ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորը: Նրա խոսքով՝ եթե որդին որոշի թեկնածությունն առաջադել, ինքը կաջակի նրան:
ՀՀԿ-ի՝ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում հնարավոր շանսերի մասին հարցը կտրուկ ընդունելով՝ Սասուն Միքայելյանը պատասխանել է. «Հանրապետականին ի՞նչ շանս. ամոթ-աբուռը լավ բան է, թող թողնեն, հեռանան: Ժողովրդի որոշելու հարցն է, բայց թե այսքանից հետո ժողովուրդը պետք է Հանրապետականին շանս տա, ա՜յ քեզ բան»:
Անդրադառնալով ԵԿՄ-ին՝ Սասուն Միքայելյանը նշել է. «ԵԿՄ-ի գաղափարն անհրաժեշտություն է, ԵԿՄ կառույցը անհրաժեշտություն է եղել։ Բայց ոչ այսօրվա ԵԿՄ-ն»: Նրա կարծիքով թացը չորին է խառնվել, դասալիքները դարձել են հերոս, իսկ հերոսները դասալիք: «Ոչ ոք չի ասել ԵԿՄ-ն լուծարվի, դա իմ տեսակետն է եղել։ Ես չեմ ասել ԵԿՄ-ն ընդհանրապես չլինի։ Ցանկանում եմ պարզաբանել՝ ես ասել եմ, որ մինչև 1999 թվականի ԵԿՄ-ն պետք է անջատվի, Վազգենը որպես հավերժ նախագահ պետք է մնա»:
Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահի պաշտոնի հավակնություն չունի, անգամ վարչության կազմի մեջ չի ուզում մնալ և 2004-ից դուրս է եկել կառույցից. «Տեսա՝ ուրիշ ճանապարհով գնաց ԵԿՄ-ն, դուրս եկա։ Ես չեմ ուզում ԵԿՄ նախագահ լինել։ Ինձ տղերքը շատ են ասում, ես չեմ ուզում»,- հավելել է նա:
Լրագրողների ուշադրության կենտրոնում է եղել նաև ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի հետ հայտնի միջադեպը: Միքայելյանի խոսքով Երանոսյանը հաշտության փորձեր արել է. «Մի անգամ փորձել է ինձնից ներողություն խնդրել, չստացվեց»,- ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորը:
Այն հարցին, թե նորի՞ց շիշ է նետել նրա ուղղությամբ, Միքայելյանը կատակել է. «Ես ձեր համար շշաձի՞գ եմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը