27 06 2018

Բացատրեք այս վեհաժողովին, թե ինչո՞ւ եք զենք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ադրբեջանցիներին

Բացատրեք այս վեհաժողովին, թե ինչո՞ւ եք զենք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ադրբեջանցիներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովի ժամանակ իր ելույթում դիմել է նաև ադրբեջանցի գործընկերներին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Արդեն մեկ տարի է, այս վեհաժողովում հանդես եմ գալիս որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար և այս ընթացքում իմ ելույթներից ոչ մեկը նվիրված չի եղել Ադրբեջանին։ Սակայն երեկ մեր ադրբեջանցի գործընկերներից մեկը մի միտք արտահայտեց, որին չեմ կարող չարձագանքել։ Տիկին Ֆատալիևան այնքան ոգևորված էր ներկայացնում Ադրբեջանում ընտրությունները և այնքան էր ջանում արժանանալու իր իշխանությունների գովեստին, որը ասաց հետևալը, մեջբերում եմ.

«Մենք անգամ չենք քննարկում Հայաստանում ընտրությունները, նրանք համարվել են թափանցիկ և ժողովրդավարական, բայց որոշ ժամանակ անց հայ ժողովուրդը ոտքի ելավ այսպես կոչված «լեգիտիմ» ընտրությունների դեմ և սկսվեցին զանգվածային ցույցեր»,-ասել է Հովհաննիսյանն,ապա հավելել.

«Իրականում մեր ադրբեջանցի գործընկերների կողմից նման վարքագիծը նորություն չէ, և նրանք միշտ թիրախավորում են Հայաստանը` իրենց խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։

Այնուամենայնիվ, չարձագանքել անհիմն հնչած մեղադրանքներին նվազագույնը ազնիվ չէ իմ երկրի նկատմամբ։ Իրոք, տիկին Ֆատալիեւա, Հայաստանում ընտրությունները թափանցիկ և ժողովրդավարական էին. նման գնահատականներ պաշտոնապես տրվել են բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։

Սակայն երբ պարզ դարձավ, որ երկրում առկա քաղաքական տրամադրությունները այլ են և չեն համապատասխանում ժողովրդի ակնկալիքներին նախկին վարչապետը և կառավարությունը հրաժարական տվեցին և հանձնեցին իշխանությունը։ Իշխանության փոխանցման խաղաղ ու ոչ բռնի եղանակը խոսում է Հայաստանում իրական ժողովրդավարության հասունության մասին և իմ երկրի ձեռքբերումն է։

Ես հասկանում եմ, որ այս երևույթը անհավանական է թվում ժողովրդավարության «ալիևյան» ընկալման համար։ Դուք ձեր արժեքային համակարգով չեք հասկանա ինձ։

Եվ վերջապես, Արցախի վերաբերյալ հավերժ հնչող շահարկումների մասին:

Հայաստանի գործողությունները ցույց են տալիս, որ մեր թիվ մեկ առաջնահերթ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն է: Եվ կխնդրեի, որ բացատրեք այս վեհաժողովին, թե ինչու եք դուք այս օրերին կրկին զենք և զինամթերք կուտակում սահմանին: Պատերազմի՞ եք պատրաստվում:

Ուզում եմ ընդգծել՝ հույս մի դրեք մեր ներքաղաքական հակասությունների վրա։ Մենք աջակցում ենք մեր իշխանություններին մեր ազգային միասնության, անվտանգության, ինքնության, արժանապատվության, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված բոլոր հարցերում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ