Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ռազմական հռետորաբանոսւթյունն ու սուր ճոճելը իռացիոնալ է, ցավալի, եթե ոչ անհեթհեթ», - նշել է նա:
ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է, որ Ադրբեջանում ներքին սպառման ու բանակցությունների համար նախատեսված լեզուները համաձայնեցված չեն: Մնացականյանը նշել է, որ բանակցությունների սեղանին ավելի պատասխանատու ու գիտակից կողմի կարիք կա:
Նշենք, որ հունիսի 26-ին Ադրբեջանի ԶՈւ կազմավորման 100-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «պատերազմը դեռ չի ավարտվել, այլ ավարտվել է միայն դրա առաջին փուլը, հակառակորդը պետք է հասկանա` չկա որևէ ռազմական կամ ռազմավարական օբյեկտ, որն ադրբեջնական բանակը չկարղանա ոչնչացնել»:
«Հայաստանը չի կարող և չի կարողանա մրցակցել մեզ հետ: Պատմական արդարությունը մեր կողմն է, մենք ունենք ռազմական ու տնտեսական ներուժ», - ասել է Իլհամ Ալիևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը