22 06 2018

Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի հայտարարությունը

Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի հայտարարությունը

2018թ. հունիսի 21-ին Եվրոպական Միությունը և Հայաստանը գումարեցին գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում:

Խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայաստանը և Եվրամիությունը իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնելու և խորացնելու համագործակցությունն այս նոր իրավական փաստաթղթի, Արևելյան գործընկերության և վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:

Գործընկերության խորհուրդը ողջունեց Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքների խաղաղ բնույթը, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը: Եվրամիությունը բարձր գնահատեց բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը և կոչ արեց քաղաքական շահագրգիռ ուժերին, այդ թվում նաև քաղաքացիական հասարակությանը, շարունակական և ներառական երկխոսության։ Եվրամիությունը ողջունեց Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը պայքարել կոռուպցիայի դեմ և այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները: ԵՄ-ը վերահաստատեց իր աջակցությունը բարեփոխումներին, այդ թվում տեխնիկական և ֆինանսական օժանդակության տեսքով, ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության և սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը:

Գործընկերության խորհուրդը ընդգծեց Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կարևորությունը՝ համահունչ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին` ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար: ԵՄ-ը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին նոր ընտրությունների կազմակերպման և դիտարկման հարցում: Գործընկերության խորհուրդը նաև շեշտեց, որ արդյունավետ և անկախ դատական համակարգը կարևոր է օրենքի գերակայության համար և արժեքավոր նախապայման՝ տնտեսական և սոցիալական զարգացման համար: Խորհուրդը նաև մատնանշեց նոր քրեական օրենսգրքի և նոր քրեական դատավարության օրենսգրքի մշակման արագ առաջընթացի անհրաժեշտությունը և ընդգծեց հակակոռուպցիոն բնագավառում համապարփակ օրենսդրության կարևորությունը:

Ի հավելումն, Գործընկերության խորհուրդն ընդգծեց շարունակական ջանքերի միջոցով առևտրի ոլորտում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների հետագա կատարման անհրաժեշտությունը` Հայաստանում կայուն, բիզնեսի զարգացման համար բարենպաստ և կանխատեսելի առևտրային միջավայրի ապահովման համար, այդ թվում աշխարհագրական տեղանունների պաշտպանության վերաբերյալ դրույթների լիարժեք և ժամանակին իրականացումը: Գործընկերության խորհուրդն ընդգծեց նաև հարկային ոլորտում լավ կառավարման կարևորությունը` ըստ Բիզնեսի հարկման ոլորտում բարեվարքության կանոնների:

Էներգետիկ ոլորտում Գործընկերության խորհուրդը մատնանշեց էներգետիկ անվտանգության, էներգախնայողության, վերականգնվող էներգիայի և միջուկային անվտանգության կարևորությունը՝ ըստ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և 2018թ. փետրվարի 21-ին ստորագրված Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթությունների։

Տրանսպորտային ոլորտում Գործընկերության խորհուրդն ակնկալում է 2017թ. նոյեմբերի 24-ին նախաստորագրված Հայաստան-Եվրամիութուն համապարփակ օդային փոխադրամիջոցների մասին համաձայնագրի ստորագրում, ինչը կբարելավի շուկայի հասանելիությունը և կնպաստի անվտանգության, բնապահպանության և սոցիալական առավելագույն չափանիշների ապահովմանը: Ավելին, բոլոր չափանիշների բավարարման դեպքում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սկսել Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը:

Գործընկերության խորհուրդը վկայակոչեց, որ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության առաջնահերթությունները կձևավորեն Հայաստանին ԵՄ աջակցության գերակայությունները: Ավելի քան 160 մլն եվրո է հատկացվում 2017-2021 թվականների համար: Գործընկերության խորհուրդը ընդգծեց այդ ռեսուրսների առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը` աջակցելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը և քաղաքացիների կենսապայմանների տեսանելի և շոշափելի բարելավմանը:

Գործընկերության խորհուրդը ի գիտություն ընդունեց Հայաստանի վերաբերյալ հունիսի 6-ին հրապարակված Եվրոպական հարևանության քաղաքականության երկրների զեկույցը և կարևորեց 2017 թվականի մայիսին Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդից ի վեր ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը: Գործընկերության խորհուրդը որոշեց, որ հետագա զեկույցները կվերնագրվեն «Գործընկերության զեկույցներ»՝ կենտրոնանալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման վրա:

Ի լրումն ՀԸԳՀ շրջանակներում երկկողմ հարաբերություններին՝ Գործընկերության խորհուրդն ընդգծեց Հայաստանի ակտիվ մասնակցությունն Արևելյան գործընկերությանը՝ որպես համընդգրկուն բազմակողմ ձևաչափի: Հայաստանը հաստատեց իր հանձնառությունը կարևոր, դինամիկ և կառուցողական դեր խաղալու Արևելյան գործընկերության շրջանակներում: Հայաստանը և Եվրամիությունը երկուստեք ընդգծեցին Արևելյան գործընկերության «2020 արդյունքներին» հասնելու կարևորությունը: ԵՄ-ն ընդգծեց իր պատրաստակամությունը քննարկելու Արևելյան գործընկերության ներքո հատուկ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված հստակ առաջարկներ:

ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ