Մանվել Գրիգորյանի կալանավորումը և ԱԱԾ բացահայտումները Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համար զարմանալի չէ: Հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ համակարգն այնպիսին է եղել, որ թագավորին ծառայություն են մատուցել:
«Բոլորը բոլորից տեղյակ են: Կարող է՝ մանրամասն տեղյակ չեն, քանի տուշոնկա ունի պադվալում, բայց որ տեղյակ են, որ բոլորը թալանչիներ են, ո՞վ է կասկածում: Այդ կոլխոզի նախագահներին, որոնք դուք գեներալ եք համարում, ես 95 տոկոսին կոլխոզի նախագահ եմ ասում, նրանք ինձ մոտ բոլորը ծառայել են, իմ ենթակայության տակ, ես այդ թալանչիներին վաղուց գիտեմ: Չի կարա չէ՞ աշխատավարձով գեներալ լինել, մարշալ լինել, ասենք՝ ռեստորաններ ունենա, դղյակներ ունենա։ Հարց է ծագում՝ որտեղի՞ց։ Հա, օդից ընկնում ա պագոնների վրա՞։ Բա էղա՞վ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ներկայիս իշխանությունների ժամանակ բացառո՞ւմ է նման իրավիճակ Սամվել Բաբայանն ասաց. «Ես ինչքան Փաշինյանին գիտեմ, ինքը մինչև վերջ գնալու է, վստահ գիտեմ, որ գնալու է: Եղել է մի իշխանություն, այդ օրենքը օգտագործել է իմ, նույն Փաշինյանի դեմ, հիմա եկել է Փաշինյանը, օրենք չի փոխվել»,-ասաց նա և նկատեց, որ այժմ դեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունի այդ հարցով զբաղվելու:
Անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված անձանց գործերին, ասաց, որ այդ իրադարձությունների ժամանակ սպանվածների հետ կապված քրեական գործը պետք է շարունակվի։ «Այդ մադրիկ պետք է ինչ-որ պատիժ կրեն, և նրանց ծնողների հետ պետք է զրուցել, որ այդ պատժի պահանջը չլինի բարձր շեմի վրա, քանի որ ոչ թե գնացել են հենց մարդ խփելու, այլ ստացվել է ստեղծված իրավիճակից: Ես հո չեմ ասում՝ ճիշտ են արել, էշություն են արել, այդպես հարց լուծելը սխալ է, բայց արդեն կատարվել է, հիմա կոտորեն՞ք այս մի կողմին. պետք է գտնենք ոսկե միջինը»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը