19 06 2018

Ո՞ր լրատվամիջոցին էր ուղղված Նիկոլ Փաշինյանի զգուշացումը

Ո՞ր լրատվամիջոցին էր ուղղված Նիկոլ Փաշինյանի զգուշացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մհունիսի 18-ին ֆեյսբուքյան էջում գրել էր. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել:

Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։

Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»։

Վարչապետի այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց՝ դիտարկվելով որպես իշխանությանը չքննադատելու պահանջ:

ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում ահազանգ հնչեցրեց՝ ակնկալելով Նիկոլ Փաշինյանի գրառմանը գնահատական լրագրողական կազմակերպությունների, խոսքի և մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների, առանձին իրավապաշտպանների, ԱՄՆ և ԵՄ դեսպանների կողմից:

Վարչապետի խոսնակ Արման Եղոյանը հարցադրումներին ի պատասխան թեև լրատվամիջոցների անուններ չհնչեցրեց, սակայն հայտարարեց, թե հասցեատերը հասկացել է: 

Լրագրողների հետ զրույցում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մանրամասնելու կարիք չկա, կարծում եմ: Ուշադիր ընթերցողը կտեսներ, որ այսօր Հայաստանում խոսքի անսահմանափակ ազատություն կա։ Կարծում եմ, բոլորդ ձեր աշխատանքում դա տեսնում եք։ Ես ուզում եմ, որ լրագրողները և լրատվամիջոցները ուշադիր լինեն իրենց գործողություններին։ Ես հասկանում եմ, որ նախկինում ասվել է՝ ինչ ասեն, ինչպես ասեն համապատասխան մարմինների կողմից: Ես ընդամենը ուզում եմ, որ այսօրվա իրավիճակում նման երևույթ չօգտագործվի։ Չեմ ուզում կոնկրետ հասցեավորել, որովհետև կստացվի որ ինչ–որ մեկին ուզում եմ թիրախավորել։ Ընդամենն ահազանգ եմ հնչեցնում, խնդրանք, կոչ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ