ՀՀ կառավարությունն արդեն հրապարակել է գործունեության ծրագիրը: Այն կներկայացվի հաստատման Ազգային ժողովի հունիսի 7-ին նիստին:
Մինչ այդ, առաջարկում ենք ծանոթանալ նոր կառավարության ծրագրին՝ ոլորտ առ ոլորտ՝ համեմատելով նախորդ՝ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության ծրագրի հետ:
Ստորև կներկայացնենք արտաքին քաղաքականության առաջնահերթությունների համեմատությունը՝ ըստ առաջարկված ծրագրերի:
Արտաքին քաղաքականության մասով պետք է ասել, որ երկու կառավարությունների դեպքում առաջնահերթություններն ու մարտահրավերները գրեթե նույնն են, միայն թե նախորդ ծրագրում ձևակերպումներն ավելի լակոնիկ են:
Մասնավորապես՝
1) 2016 թվականանի ծրագրում նշվում է՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Արցախի հակամարտության կարգավորման մասով նշում է հետևյալը՝ «Կառավարությունը ջանքեր է գործադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, գործընթաց, որի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավսարությունը և ինքնորոշման իրավունքը: Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են»:
Նոր կառավարության ծրագրում, սակայն, նշված է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում:
2)Ինչպես նախորդ կառավարության ծրագրում, այստեղ նույնպես Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ նշված է, որ ջանքեր են գործադրվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և ցեղասպանության հանցագործության կանխարգելման ուղղությամբ:
3) Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով երկու ծրարգերում արձանագրված է, որ պետք է շարունակել Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը: Երկրորդ դեպքում, սակայն որպես հավելում, նշվում է, որ ՌԴ-ի հետ ՀՀ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ:
4)ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասով նույն նպատակն է՝ տարբեր ձևակերպումներով: Առաջին դեպքում նշվում է, որ ջանքեր կգործադրվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ամրապնդմանը:
Նոր կառավարությունն էլ ջանքեր է գործադրելու ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում բարեկամական գործընկերությանը զարկ տալու ուղղությամբ: Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու ուղղությամբ:
5) անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններում նախորդ կառավարությունը առաջարկում էր բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների խորացում, իսկ նոր կառավարությունը առաջարկում է այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ զարգացնել, որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից:
6) Երկու ծրագրերում էլ նշվում է հարաբերությունների խորացում Չինաստանի և Ասիայի այլ երկրների, Աֆրիկայի, Ամերիկայի երկրների հետ: Նոր կառավարության ծրագրում նշվում է նաև Օվկիանիայի պետությունների հետ հարաբերությունների համագործակցության մասին:
7) Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության մասով առաջինի դեպքում նշվում էր շարունակականությունը, երկրորդ դեպքում՝ շեշտվում արդյունավետության բարձրացումը:
8) Ջանքեր գործադրել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածությանը և Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանը: Այս ձևակեպումը նույնն է երկու դեպքում էլ: Կրկնվում են նաև ԱՊՀ-ի և ՆԱՏՕ-ի շուրջ դիրքորոշումները՝ նույն ձևակերպումներով:
9) 2016 թվականի ծրագրով առանձին կետով նշվում էր՝ ջանքեր ուղղել հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորմանը: Մինչդեռ նոր կառավարության ծրագրում Թուրքիայի հետ հարաբերությունների մասին որևէ հիշատակում չկա:
10) Եթե նախորդ ծրագրում խսվում էր Եվրոպական միության հետ գործընկերության ընդլայնման, համագործակցության իրավական նոր շրջանակի ձևավորման մասին, ապա նոր կառավարությունը արդեն նշում է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման և ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը