30 05 2018

Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցն ու հանդիպումները. Լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցն ու հանդիպումները. Լուսանկարներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: 

Նիկոլ Փաշինյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, այնուհետև ուղևորվել կառավարություն: 

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին: 

Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Վրաստանի վարչապետը ողջունել է հայաստանյան գործընկերներին ու ևս մեկ անգամ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ ընդլայնելու երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում և նոր ազդակ հաղորդելու հայ-վրացական կապերին: 

«Մենք մեծ ուշադրությամբ էինք հետևում Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Մեր բարեկամ հայ ժողովուրդը ցուցաբերեց միասնականություն, ինչի արդյունքում ժողովրդավարական ճանապարհով տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում: Ցանկանում եմ վստահեցնել, որ կանենք ամեն ինչ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու և առկա ողջ ներուժն իրացնելու համար: Ունենք լավ հնարավորություն երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների նոր փուլը սկսելու համար»,- ասել է Վրաստանի վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը և Վրաստանը պատմական խորը արմատներ ունեն: «Պատահական չէ, որ իմ առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարում եմ եղբայրական Վրաստան, որի հետ մեզ կապում են հազարամյակների պատմական սերտ առնչությունները, բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը: Հավատացած եմ, որ մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ հարաբերություններով պայմանավորված՝ միջպետական երկխոսությունն ամուր հիմք կստեղծի մեր համագործակցության առավել ամրապնդման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Վրաստանի իր գործընկերոջ հետ երկկողմ հարաբերությունների մասին մտածում են միանման: Վարչապետը շնորհավորել է Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ և անդրադարձել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադաձություններին՝ ընդգծելով, որ թավշյա ոչ բռնի իշխանափոխությունը հանդիսանում էր մեր ժողովրդի կամքի դրսևորումը և չունի որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ: 

ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը շարունակելու է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը շահագրգռված է գործադրել հնարավոր ջանքերը Վրաստանի հետ հարուստ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու ուղղությամբ: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այս այցի ընթացքում կողմերը կնախանշեն համագործակցության նոր հնարավորությունները և ուղղությունները՝ ի շահ երկու պետությունների և ժողովուրդների: «Կցանկանայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչը հարիր է երկու հարևան և եղբայրական պետություններին: Վստահ եմ, որ մեր հարաբերություններում շարունակելու ենք առաջնորդվել այն սկզբունքով, որ մեր միջև անլուծելի հարցեր չկան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակից և կարևորել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Ծրագրերի և առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարևորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին և այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը: 

Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրներին և կարևորել անվտանգության ու կայունության պահպանումը: Պատմամշակութային կապերի սերտացման համատեքստում զրուցակիցները կարևորել են մշակութային հարուստ ժառանգության պահպանումը: Նիկոլ Փաշինյանը Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրել է Հայաստան: 

Առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի – Պարո՛ն վարչապետ, թանկագի՛ն, Նիկոլ, տիկնա՛յք և պարոնա՛յք, նախ և առաջ ուզում եմ ողջունել մեր հարգելի հյուրին, Հայաստանի վարչպետին, ով առաջին պաշտոնական այցով Վրաստանում է: Խորհրդանշական է, որ Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը Վրաստան իրականացվեց հենց այն ժամանակ, երբ մենք համատեղ նշում ենք մեր հանրապետությունների անկախության հռչակման հարյուրամյա հոբելյանը: Երկու երկրների համար այս պատմական երևույթը տեղի է ունեցել հենց մեր քաղաքում՝ Թբիլիսիում:

Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր երկու բարեկամ ժողովուրդներին անկախության հռչակման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: 100 տարի առաջ վրաց և հայ ժողովուրդները, անկախ բազմաթիվ մարտահրավերներից և բարդություններից, ցուցաբերեցին առանձնահատուկ մարտունակություն և զարգացման ժողովրդավարական ուղու նկատմամբ իրենց նկրտումը: Վրաստանին և Հայաստանին միմյանց են կապում բազմադարյա բարիդրացիական ավանդույթներ, ինչն արտացոլվել է այսօրվա գործընկերային համագործակցության մեջ: Խորհրդային միության փլուզումից հետո վերականգնելով անկախությունը՝ մենք կարողացանք զարգացնել փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության վրա: Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի համար, և հենց այդ պատճառով էլ Վրաստանում մեծ ուշադրությամբ էին հետևում բարեկամ Հայաստանում վերջին ժամանակներս տեղի ունեցած իրադարձություններին, երբ հայ ժողովուրդն ողջ աշխարհին ցույց տվեց միասնության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ իր հավատարմությունը:

Օգտվում եմ առիթից և շնորհավորում իմ թանկագին հյուրին՝ այս պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:  Հարգելի վարչապետ, մեկ անգամ ևս հավաստում եմ Վրաստանի կառավարության և անձամբ իմ պատրաստակամությունն ապագա արդյունավետ համագործակցության հարցում: Այսօր մենք քննարկեցինք բոլոր հիմնական ուղղությունները, ընդգծեցինք մեր ձգտումները՝ ունենալու ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Շոշափեցինք նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ընդգծեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր:

Չնայած արդեն առկա ինտենսիվ համագործակցությանը՝ առկա է գործակցության մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով:  Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարեցինք տարածաշրջանում գոյություն ունեցող մարտահրավերներին և ընդգծեցինք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կարևորությունը: Շոշափել ենք նաև մեր երկու երկրների գերատեսչությունների միջև հարաբերությունների խորացումը, ինչպես նաև կարևորել տնտեսական համագործակցության հանձնաժողովի գործունեությանը, նոր աշխատանքային խմբերի ստեղծմանն ուղղված հարցեր:

Առաջիկայում կանցկացվի վերը նշված հանձնաժողովի նիստ, առանձնացրել ենք այն հիմնական ուղղությունները, որոնց նկատմամբ հանձնաժողովը պետք է կենտրոնացնի ուշադրությունը: Համաձայնության եկանք այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա կկառուցվի ապագա աշխատանքի օրակարգը: Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև հարավային Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա տեղի բնակչության հետ: Վրաստանի հայ քաղաքացիներն ակտիվորեն ներգրավված են երկրի կառուցման գործում, ինչը բազմազգ Վրաստանի միասնականության հստակ փաստն է: Վրաստանի բնակչությունն, անկախ ազգային պատկանելությունից, ծառայում է ընդհանուր նպատակին՝ Վրաստանի հզորացմանը, տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը: Վերջում ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջն այցելության, անկեղծ զրույցի համար և հայտնում իմ պատրաստակամությունն ապագա համագործակցության համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն վարչապետ, զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է առաջին պաշտոնական այցը կատարել Վրաստան, որովհետև մեր քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ունի առանձնահատուկ տեղ և առանձնահատուկ նշանակություն, մենք միշտ էլ աշխատել ենք հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար, անկախ նրանից, թե ինչ գործունեությամբ եմ զբաղվել, ես ինքս՝ որպես լրագրող, որպես պատգամավոր և հիմա արդեն որպես ՀՀ վարչապետ, իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ արել եմ հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և զգում եմ, որ ահա հայտնվել ենք այն կոնկրետ իրավիճակում, երբ եթե ոչ բոլոր, առնվազն բազմաթիվ ցանկություններ ի կատար ածելու և իրագործելու հնարավորություն ունենք:

Ես ուզում եմ շնորհավորել ևս մեկ անգամ վրաց պետությանը, Վրաստանի ժողովրդին և անձամբ պարոն վարչապետին պետականության վերականգնման 100-ամյա տոնի կապակցությամբ: Մենք նույնպես նշեցինք Առաջին Հանրապետության 100-ամյակը, և իսկապես այդ տոներն իրար հետ կապված են: Հայաստանի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել Թբիլիսիում և այս փաստը նաև ինքնին ցույց է տալիս, որ հայ-վրացական հարաբերությունները շատ խորն են և դրանք ունեն քաղաքական, պատմական, մարդկային, մշակութային կոնտեքստ, և այս հարաբերությունները պետք է հետագայում ավելի զարգանան ու ավելի խորանան, և մենք պայմանավորվեցինք այդ ուղղությամբ շատ ինտենսիվ և գործնական քայլեր անել:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այն պոզիտիվ մթնոլորտը, որ կա հայ-վրացական հարաբերություններում, միշտ եղել է: Ես հույս ունեմ, որ մենք այդ պոզիտիվ մթնոլորտը կվերածենք կոնկրետ շատ ավելի մեծ արդյունքների տնտեսական ոլորտում, քաղաքական հարաբերությունների ոլորտում, երկկողմ հարաբերությունների ոլորտնում, և ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում միջկառավարական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման շնորհիվ կկարողանանք կոնկրետ արդյունքներ արձանագրել մեր երկկողմ համագործակցության բազմաթիվ ոլորտներում: Մենք, իհարկե, քննարկեցինք նաև երկարաժամկետ տեսլականի անհրաժեշտությունը մեր հարաբերություններում, որովհետև համոզված եմ, որ մենք ունենք երկարաժամկետ և կարճաժամկետ ընդհանուր շահեր, և մենք պետք է ամեն ինչ անենք ոչ միայն կարճաժամկետ շահերի այսօրվա օպերատիվ խնդիրների լուծման համար, այլև պետք է մտածենք երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կարողանանք այսօրվա իրողություններն ավելի ճիշտ գնահատել, ավելի մասշտաբային գնահատել և այսօրվա գործողությունները կառուցել ապագայի և երակարաժամկետ համագործացկության տրամաբանությամբ: Մենք Վրաստանի հետ ունենք մի շարք համատեղ նախագծեր և մենք, իհարկե, ակտիվորեն կաշխատենք այդ նախագծերը ժամանակին և բարձր որակով իրագործելու համար: Մենք պիտի աշխատենք նոր համատեղ նախագծեր ունենալու շուրջ:

Եվ մենք համոզված ենք, որ ընդհանրապես հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, որովհետև ամենակարևոր գործոնը խնդիրների լուծման տրամադրվածությունը և ցանկությունն է: Եվ մեր պատվիրակությունը եկել է Թբիլիսի՝ հավաստելու մեր պատրաստակամությունը եղբայրության և բարեկամության մթնոլորտում քննարկել բոլոր հարցերը և մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը և տրամադրվածությունը կարող են լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում: Եվ ես շատ ուրախ եմ արձանագրելու համար, որ Վրաստանի կառավարությունը և անձամբ վարչապետը նույնպիսի տրամադրվածություն ունի մեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Եվ, ըստ էության, մենք գտնվում ենք մեր հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք, մեծ թափ և մեծ էներգիա հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին, և այդ հարաբերությունները խորացնել բոլոր ուղղություններով և բոլոր մակարդակներում: Իհարկե, կարևորագույն խնդիր է տարածաշրջանի կայունությունը:

Մենք պարոն վարչապետի հետ մտքեր փոխանակեցինք նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության, անվտանգության հարցերի շուրջ: Եվ այստեղ նույնպես մենք պետք է մեր ջանքերը համատեղենք, որովհետև տարածաշրջանի կայունությունը կարևոր է բոլորիս համար և հետագա զարգացումների կարևորագույն նախապայման է:  Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք իսկապես շատ տպավորված էինք այն հետաքրքրությամբ, որ Վրաստանի հանրությունը ցուցաբերում էր Հայաստանում ապրիլ-մայիս ամսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանը, և մեզ շատ ջերմացնում է մեր հիշողությունը վրաց լրագրողների ակտիվ մասնակցության և համագործակցության վերաբերյալ: Ես այստեղ տեսնում եմ ծանոթ դեմքեր, ովքեր մեզ համար արդեն հարազատ են դարձել, և շատ տարօրինակ էր, որ վերջին տասնհինգ-քսան օրվա ընթացքում նրանց քիչ էինք տեսնում և ուրախ եմ, որ ահա այսպիսի առիթ կա, բայց ես հույս ունեմ, որ այդ փոխադարձ հետաքրքրությունը կպահպանվի ոչ միայն մեծ քաղաքական իրադարձությունների շրջանում, այլև այդ հետաքրքրությունը մենք փոխադարձաբար կպահպանենք, որովհետև կա մի այսպիսի տարօրինակ հանգամանք, կարծում եմ, որ մենք շատ դեպքերում տեղյակ չենք լինում մեր երկրների ներսում տեղի ունեցող կարևոր իրադարձություններից և լրատվության դաշտում նույնպես մենք բազմաթիվ անելիքներ ունենք, որպեսզի ավելի լավ ճանաչենք միմյանց խնդիրները և ավելի լավ տեղեկացված լինենք մեր երկրներում տեղի ունեցող պրոցեսների մասին, և ընդհանրապես մենք շատ մոտիկ ենք, բայց անհրաժեշտ չափով կարծում եմ մեր երկրները, մեր ժողովուրդները քաղաքական պրոցեսների առումով ավելի լավ իրար ճանաչելու և ավելի մոտ լինելու անհրաժեշտություն ունեն:

Իհարկե, մենք եկել ենք այսօր այստեղ կոնկրետ հեռանկարներ բացելու և կոնկրետ խնդիրներ լուծելու հնարավորությունը ստեղծելու համար: Եվ ես համոզված եմ, որ մեր հարաբերություններում կլինեն լրջագույն և նոր զարգացումներ, և այդ նոր զարգացումները կբխեն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի շահերից, որովհետև մենք որպես ինքնիշխան երկրներ առաջին հերթին պարտավոր ենք ելնել մեր ազգային շահերից և սպասարկել մեր ազգային շահերը: Ես համոզված եմ, որ մեր կառավարություններն ունեն բավարար կամք, բավարար հմտություն, որպեսզի մենք կարողանանք այս համագործակցությունը դարձնել խիստ արդյունավետ, այնպիսի մակարդակի, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի քաղաքացիները զգան իրենց ամենօրյա կյանքում մեր հարաբերությունների մերձեցումը, մեր բարեկամության խորացումը և զգան այն պոզիտիվ մթնոլորտը, որ հաստատված էր իմ ու վարչապետի քննարկման ընթացքում: Շնորհակալ եմ այս ջերմ ընդունելության համար: Ես համոզված եմ, որ մենք Թբիլիսիում շատ հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ կանցկացնենք և իհարկե, պարոն վարչապետ, հույս ունեմ առաջիկայում Ձեզ տեսնել Երևանում, որպեսզի այս մթնոլորտը, այս տրամադրությունը մենք հնարավորություն ունենանք շարունակել: Իհարկե ուրախ եմ նաև արձանագրել, որ աշնանը տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու Երևանում, Վրաստանը բարձր մակարդակով մասնակցություն է ունենալու: Մենք իհարկե, շփվելու շատ առիթներ կունենանք, բայց ես կարծում եմ, մենք չպետք է բավարարվենք դրանով և պետք է անընդհատ նորանոր առիթներ փնտրենք իրար տեսնելու, իրար ժպտալու և իրար հետ խնդիրներ քննարկելու և բոլոր հարցերը բարեկամության և եղբայրության մթնոլորտում լուծելու համար: Ողջունում եմ եղբայրական վրաց ժողովրդին:

 

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

Պարոն Կոբախիձեն ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը տարբեր ուղղություններով: Վրաստանի խորհրդարանի նախագահը կարևորել է երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև ակտիվ համագործակցությունը և ընդգծել, որ այն կնպաստի հայ և վրաց ժողովուրդների կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը:  Վարչապետը նշել է, որ երկար տարիներ որպես պատգամավոր աշխատելով ՀՀ Ազգային ժողովում՝ սեփական փորձով գիտի, թե որքան կարևոր է խորհրդարանի դերը պետության կառուցվածքում ժողովրդավարական սկզբունքների զարգացման համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում կարևոր տեղ է հատկացվում միջխորհրդարանական երկխոսությանը։ «Հաշվի առնելով, որ Հայաստանը անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի, դա մեզ պարտավորեցնում է երկկողմ խորհրդարանական համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի»,- ասել է ՀՀ վարչապետը:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանականների պարբերական հանդիպումներն իրենց ներդրումն ունեն երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն ընդգծել են, որ ինտենսիվ երկխոսության միջոցով Հայաստանն ու Վրաստանը ի վիճակի են արագորեն լուծել բոլոր հարցերը, գտնել գործընկերության նոր ձևաչափեր և փոխշահավետ համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ։ 

 

Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։ 

Ողջունելով ՀՀ վարչապետին՝ Գիորգի Մարգվելաշվիլին բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքները և նշել, որ քննարկված հարցերն ու նախաձեռնությունները խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: 

«Ուրախ եմ հանդիպելու Հայաստանի ժողովրդավար վարչապետին: Հույս ունեմ, որ Ձեր այցը նոր երանգ կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին, որոնք ունեն բազմադարյա պատմություն»,- ասել է Վրաստանի նախագահը:  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում պարոն Մարգվելաշվիլիին հանդիպելու և երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման հեռանկարները քննարկելու հնարավորության համար: 

«Ուրախ եմ, որ իմ այցը Վրաստան կայանում է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումների ֆոնին, համոզված եմ, որ ժողովրդավարությունը մեր երկրների համար ունի կենսական նշանակություն: Մեր ժողովուրդների համոզմունքը երկկողմ հարաբերություններում հիմնված է սիրո և համերաշխության վրա, և մենք ջանքեր չենք խնայի դրանց նոր թափ հաղորդելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպման ընթացքում կկարողանան ուրվագծել միջպետական համագործակցության զարգացման նոր հնարավորություններ:

Վարչապետը նշել է, որ 2018 թվականը Հայաստանի համար չափազանց հագեցած է մասշտաբային միջոցառումների տեսանկյունից և հույս հայտնել, որ Գիորգի Մարգվելաշվիլիին հանդիպելու ևս մեկ առիթ կլինի աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում:  Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Մարգվելաշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ