Իրավունքների պաշտպան երկու միջազգային կազմակերպություններ հայտարարել են, որ ժողովրդահաճ՝ պոպուլիստ քաղաքական գործիչների կողմից լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող հարձակումները ու ճնշումները սպառնալիք են դարձել նաև խոշոր ժողովրդավարական պետությունների համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:
Իրենց ամենամյա զեկույցներում Լրագրողներ առանց սահմանների և Freedom House կազմակերպությունները սուր քննադատության են ենթարկում Արևմուտքի ժողովրդահաճ առաջնորդներին մամուլի միջոցները վարկաբեկելու, լրագրողներին կշտամբելու և սահմանափակումներ իրականացնելու սպառնալիքների համար։ Սուր քննադատությունների տակ հայտնված առաջնորդներից է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որին քննադատում են «մամուլը Ամերիկայի ժողովրդի թշնամի» անվանելու խոսքերի համար։
Սա, ըստ ամենամյա զեկույցների, վնասում է մամուլի նկատմամբ հասարակական վստահությունը։ Եվրոպայում նույնպես գրանցվել է քաղաքական գործիչների կողմից մամուլի նկատմամբ բանավոր հարձակումների աճ։ Զեկույցում գնահատականների են արժանանում 180 երկրներ, որտեղ առաջին տեղում է Նորվեգիան, սանդղակի ամենացածր՝ 180-րդ աստիճանի վրա՝ Հյուսիսային Կորեան։
Հայաստանը 63-րդ տեղում է՝ հետ մնալով 50-րդ տեղում հայտնված Վրաստանից։ Սակայն նկատելիորեն առաջ է հարևան Ադրբեջանից, որը 90-րդ տեղում է։ Թուրքիան 76-րդն է, Իրանը՝ 90, Ռուսաստանը՝ 83։
Զեկույցները հիշեցնում են Հայաստանում անցած ամառ սկսված զանգվածային ցույցերի ընթացքում անվտանգության ուժերի կողմից մամուլի նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքի փաստը։
Աշխարհի ամենավտանգավոր հատվածը շարունակում է մնալ Մերձավոր Արևելք-Հյուսիսային Աֆրիկա տարածաշրջանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը