Ապրիլի 25-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից հայտնում են, որ հանդիպման առաջին մասին ներկա է եղել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրել է իր հրաժարականի պատճառները և խոսել Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ։
Հանդիպման երկրորդ մասում խմբակցության անդամները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ քննարկել են ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կուսակցության ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը