23 04 2018

Բողոքի 11-րդ օրը. Փողոցների փակում, քայլերթ, հանրահավաք՝ Հայաստանում. Լուսանկարներ, թարմացվում է

Բողոքի 11-րդ օրը. Փողոցների փակում, քայլերթ, հանրահավաք՝ Հայաստանում. Լուսանկարներ, թարմացվում է

Ապրիլի 23-ի վաղ առավոտյան Երևանում և Հայաստանի տարբեր շրջաններում մեկնարկել են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի հերթական գործողությունները:

Երևանի պետական համալսարանում դասադուլ և նստացույց էին հայտարարել բազմաթիվ ուսանողներ:

Այնուհետև նրանք քայլերթ սկսեցին:

Երևանի պետական բժշկական համալսարանում ևս դասադուլ և քայլերթ է, որն առաջնորդում է դպրոցներից մեկի զինղեկը: Դասադուլ են անում նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները:

Ուսանողները փակում և բացում են փողոցները:

Ազատության հրապարակից մեկնարկած երթին մասնակցում են ապրիյան պատերազմի և արցախյան պատերազմի մասնակիցներ, զոհերի ծնողներ։ Նրանք շարժվեցին Բաղրամյան փողոցով՝ հանդիպելու պատգամավորների հետ: Ոստիկանները, սակայն, փշալարերով փակել են փողոցը:

Բողոքի ցույցեր են Նոր Նորքում, Աջափնյակում, Շենգավիթում և մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում:

Աջափնյակ համայնքում Հալաբյան փողոցը փակել են «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժաշխատողները:

Բողոքի ցույցեր են Հանրապետության տարբեր շրջաններում:

Ոստիկանները ուժ են կիրառում ուսանողների նկատմամբ և բերման ենթարկում:

***

ՀՀ ոստիկանության հայտարարությունը.

«Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են:  Ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը ապահովել հավաքի բնականոն ընթացքը և դրան համապատասխան երթևեկության կազմակերպումը: Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, վերջիններս կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա երթևեկությունը դիտավորությամբ ամբողջովին փակելու գործողություններ և ոստիկանության ծառայողներին բացահայտ անհնազանդության դեպքեր»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

***

Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի. ԱԱԾ տնօրեն

Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։ Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

«ՀՀ Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման՝ իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման համար, որոնցից առաջնահերթ գործառույթների թվում են մեր ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը։

Ցավոք, վերջին իրադարձությունների և դրանց հրապարակային ու քողարկված դրդապատճառների ու հետապնդվող նպատակների դիտարկումները վկայում են, որ հետևողական փորձ է արվում խախտել հիշյալ հավասարակշռությունը, որն արդեն անմիջականորեն ոտնձգություն է ոչ թե իշխանությանը, առանձին պետական կամ քաղաքական գործիչներին, այլ՝ պետության հիմքերին։

Մասնավորապես, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից շարունակվող օպերատիվհետախուզական միջոցառումների արդյունքում ստացվող տեղեկատվությունը հիմք է տալիս եզրահանգումներ կատարելու, որ մեր քաղաքացիների կողմից իրենց սահմանադրական իրավունքներից օգտվելու ընթացքին զուգահեռ պետության հիմքերը թուլացնելու և քայքայելու նպատակներ հետապնդող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տարբեր ուժեր, անհատներ և խմբավորումներ ակնկալում են կյանքի կոչել մեր ինքնիշխանությանը, պետական սահմանների անձեռնմխելիությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված իրենց ստոր ծրագրերը։

Չեմ վարանում հրապարակային նման մեկնաբանություն տալ այդ ծրագրերին, քանի որ դրանց իրականացման նպատակով փորձ է արվում մեր հասարակության տարբեր շերտերի մեջ սերմանել բացահայտ թշնամություն, ատելություն, անհանդուրժողականություն, որի հետևանքները հնարավոր չի լինելու կարճ ժամկետում չեզոքացնել, և տևական ժամանակ մենք, մեր երեխաներն ու ամբողջ ժողովուրդը ստիպված ենք լինելու ապրել փոխադարձ անվստահության, անհանգստության ու անկայունության պայմաններում։

Նման ծրագրերին չեմ վարանում հրապարակային այդպիսի գնահատականներ տալ նաև այն պատճառով, որ առանձին անձինք և խմբավորումներ, ցանկանալով օգտվել ստեղծված իրավիճակից, փորձում են հանրորեն վտանգավոր արարքների միջոցով էլ ավելի բարդացնել իրավիճակը, ավելին՝ իրենց ծրագրած բռնի գործողությունների միջոցով հանրապետությունում տարածել վախի մթնոլորտ։

Առավել մտահոգող հաջորդ դիտարկումը մեր հակառակորդի կողմից հանրապետության պաշտպանունակության դեմ ուղղված գործողությունների ակտիվացման միտումներն են։

Վերոհիշյալ հանգամանքների համակցությունն էլ Ազգային անվտանգության ծառայությանը հիմք է տվել մտահոգություն հայտնելու, որ ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն և շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։

Որպես հայ, զավակ և ծնող՝ խոհեմության և համերաշխության կոչ եմ անում, բայց նաև որպես Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, զգուշացնում եմ, որ «պղտոր ջրում ձուկ որսացող» որևէ մեկը, նորից եմ կրկնում՝ առանց բացառության, ոչ ոք անպատիժ չի մնալու, այդպիսի ցանկացած անձի յուրաքանչյուր արարք ստանալու է օրենքի ողջ ծավալով համարժեք գնահատական։

Միաժամանակ հույս եմ հայտնում, որ մեր քաղաքացիներն ունեն այնքան խոհեմություն, որ իրենք էլ կարող են ճիշտ եզրահանգումներ կատարել ստեղծված իրավիճակից դուրս գալու և մեր Հայրենիքը քաոսի չվերածելու լավագույն ու կշռադատված լուծումների վերաբերյալ»։

***

Փոխվարչապետը դիմում է դատախազին՝ ետ կանչելու պատգամավորների կալանքի միջնորդությունը

Նախագահական նստավայրում խորհրդակցություն է եղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահ արմեն սարգսյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապխետյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։

Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ կանչվի երեք պատգամավորների կալանքի միջնորդությունը։

Փոխվարչապետը հայտնեց նաև, որ գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման:

***

Պաշտպանությանը նախարարը՝ սահմանին իրավիճակի, քաղաքական գործընթացներում բանակի ներգրավվածության և այլնի մասին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Ոստիկանության գործողությունների և պատգամավորների ձերբակալությունների մասին ասաց. «Երեկ պատշաճ տեղեկատվությունը տարածվել է. պատգամավորների պարագայում կան հստակ ընթացակարգեր, որոնք պետք է հաղթահարվեն: Ես վստահ եմ, որ օրենքի տառը պահվելու է:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների իրավաչափությանը, գուցե ասածս որոշ արձագանքներ ստանա, բայց ցանկացած զանգվածային հավաքի ժամանակ ոստիկանության գործողությունները, ինչքան էլ արհեստավարժ լինի ոստիկանությունը, միշտ կարող են ուժի կիրառման համաչափության կամ անհրաժեշտության եզրին գտնվել: Կարևորն այն է, որ ոստիկանության գործողություններն ապօրինի չլինեն:

Այդ մարդիկ, շատ լուրջ վտանգելով իրենց, ծառայում են, կատարում իրենց պարտքը: Ոչ մի բան Հայաստանի ոստիկանությունը չի հորինել, օգտագործում է այն գործիքակազմը, որը գոյություն ունի ամբողջ աշխարհում»:

Ակցիաներին անչափահասների մասնակցության մասին ասաց. «Այս գործընթացում դպրոցական, մանկահասակ երեխաների ներգրավումը կարմիր գիծ է: Բայց պետք է տարբերել դպրոցական ու մանկահասական երեխաներին ուսանողներից, խոսքը ուսանողների մասին չէ:

Դրա մեջ տեսնում եմ 2 մակարդակի խնդիր: Առաջինը զուտ ֆիզիկական անվտանգությունն է: Այս ակցիաներն անցնում են փողոցի երթևեկելի մասերով: Ես յուրաքանչյուր վայրկյան ուղղակի մտքում աղոթում եմ, որ որևէ մեկի նյարդերը տեղի չտան, և ոտքը արգելակի փոխարեն գազին չսեղմի: Ծնողը, ով բերում է իր երեխային դպրոց, ակնկալում է դպրոցից հետո երեխային տանել տուն, այլ ոչ թե փողոցներում փնտրել:

Մյուս մակարդակը գաղափարականն ու բարոյականն է: Այս օրերին շատ ենք տեսնում, որ մանկահասակ երեխաներին կանգնեցնում են տեսախցիկի առջև, տեսնում ենք, որ մանկահասակ երեխան զուգահեռներ է տանում, օրինակ, Մոնթե Մելքոնյանի և միտինգի առաջնորդի հետ: Երեխան չի կարող իմանալ ո'չ Մոնթե Մելքոնյանին, ո'չ էլ միտինգի հեղինակին: Սա անթույլատրելի է:

Մտահոգված չեմ, որ բանակ կզորակոչվեն նրանք, ովքեր մասնակցել են քաղաքացիական անհնազանդության միջոցառումներին: Դա էլ քաղաքացիական դաստիարակության, կրթության մի մասն է: Ուրիշ բան, թե ինչ գին է դրա դիմաց վճարվում: Ես երբեք չեմ ասում, որ բանակ պետք է գա չկայացած մարդ և այնտեղ կայանա, ես ասում եմ, որ բանակը պետք է միջոց լինի` լրացուցիչ հնարավորություններ տալու ամենատարբեր ուղղություններով: Բանակը պետք է մեկ քայլ առաջ լինի և լինի ոչ թե հասարակության հայելին, այլ դպրոցն ու դարբնոցը»:

Իշխանության գործողություններին բանակի ներգրավվածության մասին պաշտպանության նախարարն ասաց. «Մեր օրենսդրությունը շատ հստակ կարգավորում է այն եզրագիծը, որով զինված ուժերը կարող են ներգրավվել, նաև թե ինչպես կարող են ներգրավվել նման իրավիճակների ժամանակ:

Դա միմիայն կարող է տեղի ունենալ արտակարգ դրության ռեժիմի պարագայում և շատ հստակ, առանձին գործառույթներ կատարելու համար: Դա լրացուցիչ ուժի գործադրման ձև է, այլ ոչ` ֆիզիկական ուժի կիրառման: Իմ և մեր հայրենակիցների ակնկալիքն է, որ  արտակարգ դրության կարիք չպետք է լինի ո´չ հիմա, ո´չ հետագայում, բայց  օրենքով սահմանվում է, որ ինչ-որ մի պահի դրա անհրաժեշտությունը կարող է առաջանալ: Հուսանք` դա պետք չի լինի մեր երկրին»:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կուտակումների մասին Վիգեն Սարգսյանն ասաց. «Հուսով եմ՝ որևէ մեկի մտքով չի անցնում, որ դա կարող էր կեղծված վիդիոնյութ լինել: Ես ո՞նց կերևամ որպես ՊՆ իմ անձնակազմի առջև, ո՞նց կերևա ՊԲ հրամանատարը իր անձնակազմի առջև, եթե փորձի հին կադրերը նորի տեղ ցույց տա, չէ որ մենք հանրային կարծիքից բացի ունենք նաև մեր անմիջական հասարակության վստահության և ամրության խնդիր: Ո՞վ կարող է ենթադրի, որ Պաշտպանության նախարարը կարող է մանիպուլացնի իր հասարակության սպայական անձնակազմի կարծիքը հանրային կարծիքի վրա ազդելու համար, նա ուղղակի չի պատկերացնի` ինչ բան է  բանակը: ՊՆ կոլեգիան չէր կարող լռել և հայտարարություն չտարածեր, դա ահազանգ կլիներ, որ ՊՆ-ն ինչ-որ բան թերի է անում: Մեզ ներքին գործընթացներն անհանգստացնում են, որովհետև մենք այս երկրի քաղաքացի ենք, բայց մեր գործառույթը մյուսն է և դա մենք պետք է նշենք»:

***

Բողոքի ցույց՝ մոսկվայում. Կան ձերբակալվածներ

Ապրիլի 22-ին Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել շուրջ 300 հայերի մասնակցությամբ՝ ընդդեմ Հայաստանի իշխանությունների: «Մոսկովսկիյ կոմսոմոլեցը»-ը հայտնում է, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ոստիկանություն է կանչել հավաքը ցրելու համար: Մի քանի տասնյակ մարդիկ ձերբակալվել են:

Տեսանյութում ոստիկանական բռնի գործողություններն են:

 

 ***

15:05

ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին ազատ արձակեցին ձերբակալ ձերբակալվածների պահմանվայրից:

***

Նիկոլ Փաշինյանը պահանջում է ազատ արձակել ձերբակալվածներին

ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանն ազատ արձակեցին ՀՀ ոստիկանության՝ ձերբակալվածների պահման վայրից:

Դա տեղի ունեցավ ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի այցից հետո:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ դիմելու է գլխավոր դատախազին՝ պատգամավորների կալանքի միջնորդությունն ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 100 տոկոսանոց մեկուսացման մեջ է եղել, չգիտի՝ շարժման անդամները որտեղ են ձերբակալված: Փաշինյանի առաջին պահանջն է՝ ձերբակալվածների ազատ արձակում:

«Իշխանությունը պատկանում է ժողովրդին և այլևս այդպես է: Այսօրվա հանրահավաքին բոլոր հարցերը պատասխանները կստանան»,- ասաց Փաշինյանը և հրաժարվեց այլ մեկնաբանություն տալ: Ասաց, որ իր բոլոր պահանջները մնում են ուժի մեջ: 

Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին շամպայնով: Երթ Տիգրան Մեծի պողոտայով շարժվում է Հանրապետության հրապարակ:

***

16:15

Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Սերժ Սարգսյանի հայտարարությունը

«Սիրելի՛ հայրենակիցներ, Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին,  կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,  դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,  դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,  դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։ Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։  Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։  Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։  Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ»։

***

Նիկոլ Փաշինյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.

«Դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի:

Ու այս հաղթանակը քո ձեռքից ոչ ոք չի կարող խլել:

Շնորհավորում եմ՝ հաղթակա՛ն ժողովուրդ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ