ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հաղորդմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին տասը տարիների ընթացքում 2017 թվականը միակ տարին է, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երևան. ներդրողները եկել, ներդրումներ են արել, և այդ տարի ունեցել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ: «Մեզ մի քանի տարի է պետք, որ այս տնտեսական աճը մարդկանց համար շատ ավելի շոշափելի լինի: Միևնույնն է, դժգոհություն լինելու է, քանի որ մարդու պահանջները մեծանալու են: Խնդիրն այն է, որ հասնենք տնտեսության այնպիսի մակարդակի, որ մարդկանց պահանջմունքների գոնե կեսը իրականանա»,- ասել է նա:
Հարցին, թե միտինգները խանգարո՞ւմ են տնտեսական աճին, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Գիտեք՝ եթե այդպես ասեմ, ապա մեկնաբանությունները կարող է այլ լինեն: Մարդկանց իրավունքները, ազատությունները առաջնայինն են, գոնե մեր պատկերացումները այդպիսին են: Բացի դրանից, առաջնային իրավունքները, եթե իրականացվեն տրամաբանության սահմաններում, որևէ կերպ դրանք տնտեսական զարգացմանը չեն խոչընդոտի, բայց երբ դրանք դառնում են անհամաչափ, վեր են ածվում խցանումների Երևանում, ապա դուք ի՞նչ եք կարծում՝ դա կարո՞ղ է դրականորեն ազդել»: Անցկացվող միտինգների մասին վարչապետն ասել է. «Խոսքն անցկացնելու ձևի մեջ է և ոչ թե իրավունքները սահմանափակելու մեջ, մենք երբեք որևէ պարագայում չենք գնա իրավունքների սահմանափակմանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը