27 03 2018

Էրդողանն անձամբ է հրահանգել Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ Բեռլինում ցույցեր կազմակերպել

Էրդողանն անձամբ է հրահանգել Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ Բեռլինում ցույցեր կազմակերպել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է հրահանգել Գերմանիայում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ կապված 2016 թվականի հունիսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ:

Այս մասին հաղորդում է գերմանական Der Spiegel-ը: Գերմանիայի ոստիկանության կողմից ձայնագրված հեռախոսազրույցում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը հունիսի 1-ին (Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից մեկ օր առաջ) զանգահարում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեթին Քյուլունքին, ով այդ ժամանակ Բեռլինում էր և զբաղվում էր բողոքի ցույցերի կազմակերպմամբ:

Der Spiegel-ը հրապարակել է Հեսսեն երկրամասի ոստիկանության կողմից ձայնագրված հեռախոսազրույցներից մեկի սղագրությունը, որը թույլ է տալիս ենթադրել, որ Էրդողանն անձամբ էր ղեկավարում բողոքի ակցիաները:

Ըստ սղագրության, Քյուլունքը զեկուցում է Բեռլինում քննարկվող բանաձևի դեմ բողոքի ակցիաների մասին՝ ասելով. «Սպասում եմ ձեր հրահանգներին»: Ի պատասխան Էրդողանն ասում է, որ կկապվի Քյուլունքի հետ և բարի գիշեր է մաղթում նրան: Գերմանական պարբերականը նշում է, որ հեռախոսազրույցի բովանդակությունը ապշեցրել է Հեսսենի ոստիկանությանը, որոնք արձանագրել են, թե ինչ մեծ ուշադրություն է դարձնում Անկարան Հայոց ցեղասպանության բանաձևին և դրա ընդունման դեմ Բեռլինում կազմակերպվելիք ցույցերին, որ դրանցով հետաքրքրվում է անձամբ երկրի նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ