Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանի ժամանակաշրջանում կշարունակվի Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը, կամրապնդվի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, կյանքի կկոչվեն բազմաթիվ ռազմավարական ծրագրեր:
Պաշտոնական այցով Հայստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նույնպես ողջունել է Հայաստանի նախագահական ընտրություններում Արմեն Սարգսյանի հաղթանակը: Նա նշել է, որ Արմեն Սարգսյանին վաղուց է ճանաչում և Հայաստանին շնորհավորել է այս հաղթանակի համար:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես անդրադարձել է այս իրադարձությանը: Պատասխանելով Հայաստանի Հանրապետության նոր նախագահի հետ հարաբերություններ կառուցելու մասին հարցին՝ նա նշել է, որ համապատասխան հայտարարություններ անելը միանշանակ նախագահի աշխատակազմի լիազորությունն է: Հայաստանի հետ ՌԴ հարաբերությունները կրում են պատմական բնույթ, իսկ դրանց վեկտորն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում:
ՀՀ չորրորդ նախագահի ընտրությանը արձագանքել են նաև ռուսական և թուրքական լրատվամիջոցները:
Bianet-ը, վկայակոչելով հայկական լրատվամիջոցներ՝ նշել է, որ չի բացառվում՝ Հայաստանի` արդեն նախորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ երկրի վարչապետ:
«Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը Արմեն Սարգսյանին կհանձնի ապրիլի 9-ին»,- հավելել է կայքը:
Նշենք, որ ռուսական առաջատար ԶԼՄ-ները անդրադարձել են ՀՀ 4-րդ նախագահի ընտրությանը: Դրանց թվում են` Интерфакс-ը, Газета.ру-ն, Взгляд-ը, Мир 24-ը, РИА Новости-ն, Лента.ру-ն, Известия-ն, НТВ-ն, Вести.ру-ն:
«Գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազրությունները կավարտվեն ապրիլի 9-ին: Նույն օրը կառավարությունը հրաժարական կտա: Նոր նախագահի` պաշտոնը ստանձնելուց հետո երկիրն ամբողջովին կանցնի խորհրդարանական կառավարման ձևին»,- նշում են լրատվամիջոցները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը