18 02 2025

Ակնհայտ է, որ Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են. հայտարարություն

Ակնհայտ է, որ Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են. հայտարարություն

Հայկական երեք ավանդական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի ներկայիս վիճակի մասին։

«Չորեքշաբթի, Փետրուար 12, 2025-ի երեկոյեան, ՀՅԴ-ի Կլենտէյլի կեդրոնատեղիին մէջ, ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՌԱԿ-ի Արևմտեան Ամերիկայի ղեկավարութեանց ներկայացուցիչները ունեցան երկժամեայ հանդիպում մը, որուն ընթացքին արծարծուեցան Հայաստանի և Արցախահայութեան իրավիճակն ու տագնապները, Արևմտեան Ամերիկայի հայութեան և յա՛տկապէս այստեղի հայ երիտասարդութեան դիմագրաւած ազգային բնագաւառի մարտահրաւէրները, ինչպէս նաև մեր տեղական ազգային կեանքը յուզող հարցեր: Հանդիպումին ՍԴՀԿ-էն կը մասնակցէին Միհրան Խաչատուրեան (ատենապետ), Ռուբէն Մուղալեան և Գրիգոր Մոլոյեան, ՀՅԴ-էն՝ Կարօ Մատէնլեան (ատենապետ), Տարօն Տէր Խաչատուրեան և Արմէն Յովհաննիսեան, ՌԱԿ-էն՝ Թամար Փոլատեան-Փերոն (ատենապետ), Կարօ Քիւփէլեան և Գէորգ Գրիգորեան:

Հանդիպման ընթացքին շեշտը դրուեցաւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու յատուցումը յաւելեալ թափով ու առանց վարանումի կամ ընկրկումի հետապնդելուն, Արցախահայութեան իր հայրենիք վերադարձի իրաւունքը ապահովելուն, Պաքուի մէջ գերեվարուած Արցախի ղեկավարութեան և այլ արցախահայ քաղբանտարկեալներու ազատ արձակման, ինչպէս նաև ի հեճուկս մեր առջև ցցուած բոլոր դժուարութեանց, մեր անկախ հայրենի պետականութեան առաւելագոյն ուժերու լարումով և նպատակասլաց աշխատանքով նեցուկ կանգնելուն վրայ։ Ցեղասպան Թուրքիոյ և անոր գործընկեր Ազրպէյճանի հայաջինջ քաղաքականութիւնը կը մնայ առկայ նաե՛ւ այսօր: Հանդիպման ընթացքին որոշուեցաւ նախորդ տարիներուն հաստատուած աւանդութեամբ ու միացեալ ճիգերով նոր թափ տալ գաղութային Ապրիլեան ոգեկոչման միացեալ կառոյցին (AGC-UACLA), և խուռներամ մասնակցիլ նախատեսուած Ապրիլեան ոգեկոչումներուն: Այլ տեղ, կը նախատեսուին նաև երեք կուսակցութեանց համատեղ ու համահունչ ճիգերով ազգային և գաղութային այլ օրակարգեր տանիլ յառաջ:

Ակնյայտ է որ Հայ ազգն ու հայրենիքը վտանգաւոր կացութեան մէջ են, ու դարձեալ կը գտնուինք դժուարութեանց ու աշխարհաքաղաքական թոհուբոհի մէջ: Արդ, մեր կոչն է բոլորին համախմբուիլ մեր ազգային ու միութենական կառոյցներուն շուրջ, կարչած մնալ ազգային պահանջատիրութեան, արժէքներուն և մեր իրաւունքներուն, ու մասնակցութիւն բերել ազգի անվտանգութեան և բարօրութեան օգտին համար: Ահա ա՛յդ է ճիչը մեր բիւրաւոր ու սրբադասուած նահատակներուն:

ՍԴՀԿ Արևմտեան Ամերիկայի Վարիչ Մարմին

ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ ՌԱԿ Արևմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութիւն

Փետրուար 16, 2025»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ