ԱԺ վերջին քառօրյայում նկատելի էր ՔՊ-ական պատգամավորների արհամարհանքը նախկին ՔՊ-ականներին, ովքեր դուրս եկան և հեռացվեցին խմբակցությունից։ Խոսքը Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի մասին է։
Հունվարի 22-ին տեղի ունեցած խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գրեթե բոլոր պատգամավորների հարցերին պատասխանում էր Նիկոլ Փաշինյանը, անկախ նրանից, թե հարցը որ ոլորտին է վերաբերում։ Այնինչ երբ հերթը հասավ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանին, արհամարհեցին հարցը։
Հարցն ուղղված էր առողջապահության նախարարին, որը դահլիճում էր, սակայն Ալեն Սիմոնյանն արհամարհական տոնով ասաց՝ «հարցը գրավոր ուղարկեք» և ձայնը փոխանցեց հաջորդ պատգամավորին։
Հովիկ Աղազարյանն էլ ավելի ուշ դիմեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ դժգոհելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ոտնահարում է իրենց իրավունքները։ Ալեն Սիմոնյանն էլ ասաց․ «Ձեզ կոռեկտ պահեք, թե չէ ես ձեզ կհրավիրեմ կոռեկտության»։
Ասլանյան Հակոբը և Աղազարյան Հովիկը ՔՊ խմբակցության ամենատարեց պատգաավորներից են, ինչը, իհարկե, մինչ խմբակցությունից հեռանալը օգտագործում էին ՔՊ-ականները և երբ որևէ քաղաքացի վիրավորում էր նրանց Արցախի հանձնմանը մասնակից լինելու համար, ՔՊ-ականներն ասում էին մեծ մարդիկ են, չե՞ք ամաչում, իսկ Ասլանյանի պարագայում շեշտում էին պատերզմին մասնակցած լինելու հանգամանքը։ Այսօր ՔՊ-ականները իրենց երբեմնի կուսակից-թիմակից-հանցակիցներին արհամարհում են։
Մյուս կողմից, սակայն, ուշագրավ է, որ ՔՊ-ից հեռացված այդ պատգամավորները, չնայած այս ամենին, խորհրդարանում քվեարկում են այնպես, ինչպես քվեարկում է ՔՊ-ն։
Սա, փաստացի, առաջին քառօրյան էր նրանց հեռացումից հետո․ խորհրդարանը քննարկեց և ընդունեց 30 հարց, որից 29-ին այս պատգամավորները քվեարկել են այնպես, ինչպես ՔՊ-ն՝ բոլորին կողմ, բացի մեկ հարցից։ Եղել է նաև մեկ-երկու քվեարկություն, որոնց չեն մասնակցել։
Փաշինյանի կառավարության բերած և Փաշինյանի խորհրդարանական մեծամասնության ընդունած բոլոր օրենքներին կո՞ղմ են, թե՞ կողմ քվեարկելը խասիաթ է դարձել․ կամ էլ, գուցե, կա պայմանավորվածությու՞ն։
Քվեարկություններին կարող եք հետևել այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը