24 01 2025

3.1 մլրդ դրամի խախտում՝ Փաշինյանի կառավարության օղակներում

3.1 մլրդ դրամի խախտում՝ Փաշինյանի կառավարության օղակներում

ՊՎԾ-ն 2024 թվականի ընթացքում դիտարկել է 13,680 գնման ընթացակարգ։ 

Ծառայության կողմից դիտարկված 13,680 գնման ընթացակարգերից ռիսկերի գնահատման առաջնային կարգին են դասվել 4,104 ընթացակարգ կամ հրապարակված բոլոր ընթացակարգերի շուրջ 30%-ը, որոնց նկատմամբ Ծառայությունն իրականացրել է երկրորդային ռիսկերի գնահատում։ Արդյունքում՝ լրացուցիչ վերահսկողություն իրականացնելու նպատակով առավել ռիսկային խմբին են դասվել 412 ընթացակարգ (երկրորդային ռիսկեր պարունակող ընթացակարգերի շուրջ 10%-ը)։

Պետական վերահսկողական ծառայության կողմից 2024 թվականին իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել է գնումների գործող օրենսդրությանը չհամապատասխանող՝ թվով 374 գնման ընթացակարգ, որոնց շրջանակում Ծառայության կողմից պատվիրատուներին ներկայացվել են առաջարկություններ՝ ապահովելու տվյալ ընթացակարգերի համապատասխանությունը սահմանված օրենսդրական պահանջներին:

Հաշվետու ժամանակաշրջանում հայտարարված գնումների ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերում արձանագրվել է թվով 191 խտրականության դեպք, իսկ  110 դեպքով բացահայտվել են գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող (այսպես ասած՝ սև ցուցակում ներառված) և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցության փաստեր, ևս 73 դեպքով արձանագրվել են գնումների գործընթացների օրենսդրական այլ կարգավորումների պահանջների խախտումներ: 

2024 թվականի ընթացքում պատվիրատուների կողմից կազմակերպված գնման ընթացակարգերի վերլուծության արդյունքում ի հայտ են եկել գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (այսպես ասած՝ սև ցուցակում) ներառված անձանց հետ փոխկապակցված 27 գնման մասնակիցներ, որոնցից 24-ը պատվիրատուների պատճառաբանված որոշումների հիման վրա արդեն իսկ ներառվել են գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող  անձանց ցուցակում:

2024 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացված գնման ընթացակարգերի վերլուծության արդյունքում` արդեն իսկ կնքված թվով 121 գնման պայմանագրերում (ավելի քան 2,264 մլրդ ՀՀ դրամ ընդանուր արժեքով) արձանագրվել են խախտումներ` պայմանավորված գնումների գործընթացներին մասնակցության իրավունք չունեցող և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ: Ծառայության կողմից պատվիրատուներին տրամադրված տեղեկատվության հիման վրա վերոնշյալ պայմանագրերից 79-ի դեպքում (շուրջ 2,1 մլրդ ՀՀ դրամ արժեքով) լուծվել են ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման պայմանագրերը: Ընդհանուր առմամբ՝ 2024 թվականի ընթացքում ՊՎԾ կողմից հանրային գնումների ոլորտում արձանագրված առերևույթ խախտումները կազմել են ավելի քան 3,124 մլրդ ՀՀ դրամ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ