Alphanews.am-ը գրում է. ԻՀ աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ին մեկնաբանել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը, հայ-ռուսական հարաբերությունները և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը։
Փորձագետի խոսքով՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին իր բացակայությամբ Փաշինյանը հասկացնում է, որ իրեն դա անհետաքրքիր է։
«Հարց է առաջանում, թե ինչու Փաշինյանը կարող է տեսակապով ներկա լինել ԵԱՏՄ գագաթնաժողովին, բայց ոչ ԱՊՀ գագաթնաժողովին։ Սա ցուցադրական ժեստ է։ Նա ոչ միայն չի մասնակցում սրան, այլ հասկացնում է, որ դա իր համար նշանակություն չունի, իրեն դա չի հետաքրքրում։ Բայց, իհարկե, պարզ տեքստով ասել, որ այդպես է, մեզ ԱՊՀ պետք չէ, մենք գնում ենք, նա չի կարող, ուստի նա նման ազդանշաններ է ուղարկում։
Իհարկե, ԱՊՀ-ն բավականին խորհրդանշական ֆորմատ է, բայց ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել դրանից։ Իսկ ԵԱՏՄ-ն (Եվրասիական տնտեսական միությունը) բոլորովին այլ հարց է։
ԵԱՏՄ-ն Հայաստանի համար նշանակում է փող, շուկա, արտոնյալ ապրանքներ, արտոնյալ գներով Ռուսաստանից այնպիսի կենսական իրեր ձեռք բերել, ինչպիսիք են գազն ու նավթը, դրանք արտոնյալ վարկեր են։ Այսինքն՝ պարզ է, որ Հայաստանն առանց ԵԱՏՄ-ի պարզապես չի կարող գոյություն ունենալ։ Պետք է հասկանանք, որ, մեծ հաշվով, Հայաստանը ԵԱՏՄ-ից շատ է ստանում, բայց այնտեղ շատ քիչ է տալիս։ Այն ավելի շատ է ստանում, քան յուրաքանչյուր առանձին երկիր և ավելի քիչ է տալիս նրանց՝ ըստ էության, տնտեսության փոքր չափի պատճառով»,- ասել է Ռոդիոնովը։
Քաղաքագետի խոսքով՝ Բաքվում քնում են ու տեսնում, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից:
«Փաշինյանն ասաց, որ արդեն այս տարի կարող են դիտարկել եվրաինտեգրման հարցը։ Բայց պարզ է, որ նա ինքը չի հավատում սրան և անհասկանալի է, թե ում համար է այս հայտարարությունը նախատեսված։ Բայց մենք ինքներս էլ հիանալի հասկանում ենք, որ չենք կարող հույս դնել սրա վրա ոչ այս, ոչ հաջորդ տարի, ոչ էլ դրանից հետո։ Նրանք կարող են խոստանալ տասնյակ տարիներ: Օրինակ, Թուրքիան շուտով կնշի 30-ամյակը, թե ինչպես են իրենց ստել եվրոպական ինտեգրման և պայծառ եվրոպական ապագայի մասին, բայց ապարդյուն: Նույնը կլինի Հայաստանի հետ։ Հայաստանն, իհարկե, զրոյական շանսեր ունի։
Նրանք դա հիանալի հասկանում են, և Փաշինյանն էլ դա հիանալի հասկանում է: Եվ հետևաբար նա առանձնապես ակտիվորեն չի քարոզում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու թեման։ Նա պարբերաբար հիշեցնում է դա, ինչ-որ հայտարարություններ անում, բայց հիանալի հասկանում է, որ եթե հիմա անի, ապա սա առաջին հերթին սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը, քանի որ Բաքվում քնում են և տեսնում, որ Հայաստանը լքում է ՀԱՊԿ-ն ու ոչ ոք նրան պաշտպանելու պարտավորություն չունի»,- նշել է Ռոդիոնովը։
Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի նման մարդիկ գալիս ու գնում են, բայց Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է պահպանվեն:
«Ռուսաստանը Փաշինյանի չարաճճիությունները չի ընկալում որպես Հայաստանի քաղաքական վեկտորի փոփոխություն: Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանը կարևոր երկիր է մեր բոլոր ընդհանուր ինտեգրացիոն ձևաչափերում։ Հայ ժողովուրդը մոտ է ռուս ժողովրդին: Փաշինյանի նմանները գնում-գալիս են, բայց Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է պահպանվեն: Փաշինյանը փորձում է մանևրել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ երկու տեղերում էլ իր համար ինչ-որ նախապատվություններ կորզել։
Եվ միևնույն ժամանակ նա կարծես շանտաժի է ենթարկում, որ եթե սա չտաք, մենք կանենք։ Եվ այս իրավիճակը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Եվ, ըստ երևույթին, դա կտևի այնքան ժամանակ, քանի դեռ որոշ արտաքին խաղացողներ պարզապես շատ չեն հոգնի դրանից: Երևի նույն Արևմուտքին, որը կասի՝ մենք ձեզ իշխանության չենք բերել, որ անհասկանալի բեռ քաշեք և փորձեք և՛ ձերը, և՛ մերը, և մենք երգենք և պարենք, եկեք անենք այն, ինչ ձեզանից պահանջվում է»,- եզրափակել է Ռոդիոնովը։
Հարցազրույցի ընթացքում փորձագետը նաև մեկնաբանել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը