Alphanews.am-ը գրում է. Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Դեկտեմբերի 26-ին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնի դարձավ, որ Արևմուտքի կողմից եղել են փորձեր խոսել Ռուսաստանի հետ Ուկրաինայի կարգավորման մասին՝ առանց Կիևի մասնակցության: Այս դեպքում խոսքը Փարիզի ոչ պաշտոնական նախաձեռնությունների մասին է, սակայն այս ընթացքում մենք նկատում ենք, որ բանակցություններ են ընթանում նաև Հայաստանի մասին, բայց առանց Հայաստանի։
Մասնավորապես, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Անկարայում «Տրանսպորտային միջանցքներ և տարանցիկ փոխադրումներ «Թուրքական դարում»» համաժողովում իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ Թուրքիան շարունակում է քննարկումները Ադրբեջանի հետ «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ:
Հատկապես Սիրիայում վերջին դեպքերի ֆոնին, երբ առանց սիրիական ժողովրդի և նրա քաղաքական իշխանությունների մասնակցության, Թուրքիան, իր հսկողության տակ գտնվող ահաբեկիչների ձեռքերով, փոխեց իշխանությունը, պարզ է, որ Անկարայի պատկերացումներով, հենց այդպիսի մոտեցումն է աշխարհաքաղաքական պայքարի մոդել՝ բանակցություններ վարել երրորդ կողմի մասին, պլանավորել ինչ-որ բան երրորդ կողմի վերաբերյալ և չտեղեկացնել նրան։ Կարևոր է նաև նշել, որ Սիրիայի պարագայում այդ գործողությունները ոչ միայն չեն դատապարտվում «քաղաքակիրթ աշխարհի» կողմից, այլ հաճախ ողջունվում են հենց այդ աշխարհի կողմից:
Հայաթ Թահրիր ալ-Շամը ահաբեկչական կազմակերպություն է, նրա ղեկավարը՝ ահաբեկիչ, անգամ պաշտոնական Վաշինգտոնի համակարգում: Դեռևս 5 օր առաջ գործում էր 10 միլիոն դոլար պարգևատրում՝ Սիրիայի փաստացի նոր առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանիի ձերբակալությանը նպաստելու համար։ Պարգևատրման չեղարկումը տեղի ունեցավ գրեթե այն օրը, երբ Դամասկոս իր առաջին պաշտոնական այցով եկավ Թուրքիայի նախկին հետախուզության ղեկավար (այսինքն՝ ալ-Ջուլանիի երկարամյա «կուրատորը»), իսկ այժմ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Ներկայումս Սիրիայում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունները կարելի է հստակ բնութագրել որպես էթնիկ զտումներ քրիստոնյաների, ալավիների և Սիրիայի շատ այլ ժողովուրդների նկատմամբ։ Բռնություններ, կողոպուտներ, մահապատիժներ, ցեղասպանություն, բայց «սպիտակ պարոնները լռում են», քանի որ Թուրքիան նրանց փոխարեն կատարում է «կեղտոտ աշխատանքները»։ Չնայած ոչ միայն լռում են, այլ նաև հարցազրույցներ կազմակերպում Սիրիայի ղեկավար ահաբեկչի հետ՝ զանգվածային սպանությունների ֆոնին՝ հարցնելով նրան կանանց իրավունքների և ալկոհոլի մասին:
Այս իրավիճակում մեզ կարող է անհանգստացնել միայն մեկ հարց, թեև մենք արդեն գիտենք դրա պատասխանը։ Եթե կամ երբ Թուրքիան և Ադրբեջանը փորձեն զավթել Սյունիքի միջանցքը, այն միջանցքը, որը, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյմս Օ’Բրայենի, պետք է կապի Թուրքիան և Կենտրոնական Ասիան, «քաղաքակիրթ աշխարհի» «սպիտակ պարոնները» շարունակելո՞ւ են լուռ հետևել իրադարձություններին:
Այս հարցի պատասխանը բոլորիս համար պետք է հստակ լիներ դեռևս 2020 թվականի աշնանից: «Քաղաքակիրթ աշխարհը» մեր ընկալմամբ պետք է մահանար Թուրքիայի և Ադրբեջանի ներխուժմամբ Արցախ: «Աշխարհի» լռությունն այն ժամանակ կար, այն հիմա էլ կա և այն կլինի Սյունիքի իրադարձությունների վերաբերյալ, եթե Հայաստանում քաղաքական փոփոխությունները ուշանան։
Մտածե՛ք այդ մասին…»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը