Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, փորձելով ոչ միայն հնարավորինս արագ մոռացության տալ իրենց նոր ոճրագործությունները, այլև առիթից օգտվելով, աննախադեպ զիջումներ կորզել, ինչն սկզբից գուցե անհավանական էր թվում, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները բացահայտ շանտաժի մեթոդով շրջանառության մեջ դրեցին իբր թե վնասների փոխհատուցման և նույնաբնույթ անհեթեթ պահանջներ, որոնք անպատասխան էին թողնվում: Խոսում էին իբր 50 մլրդ վնասի հատուցման կամ դրա դիմաց տարածքային զիջումների, ընդհուպ՝ արևմտյան ադրբեջանի թեզի մասին և այլն:
Իրենց նկրտումները արդարացի փաթեթով հրամցնելու նենգ նպատակով ընդհուպ դիմեցին մեծաքանակ ռազմագերիներին իբրև միջազգային հանցագործների դատապարտելու և նույն տրամաբանությամբ Արցախի ռազմական և քաղաքական գործիչների նկատմամբ դատավարություն իրականացնելու կեղտոտ քայլին:
Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով»: Թուրք-ադրբեջանական զառանցանքի՝ դե յուրե սնանկության մասին փաստարկված բազմիցս է խոսվել, խնդիրը բնավ դա չէ, խնդիրը, ըստ էության, ներդաշնակ իրացվող քաղտեխնոլոգիայի միջոցով վերջնական արդյունքների հասնելն է: Այս ամենի համատեքստում, ցավոք, շատերի մոտ տրամաբանական է գնահատվում, օրինակ՝ Հայաստանի կողմից միջազգային դատական ատյաններին դիմելուց ձեռնպահ մնալը, արդեն իսկ քննության ընդունված դիմումները հետ վերցնելը, անվերապահ զիջումները իբրև փոխզիջում ընկալելը և այլն:
Հ.Գ. «Միջազգային պայմանագրային իրավունքի մասին» Վիենայի կոնվենիցիայի առնվազն 2-րդ բաժնի նորմերի համաձայն՝ նշված իրավիճակում, այդ թվում՝ խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է ...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը