«Հետք»-ը գրում է․
«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ 2023-ի ապրիլի 27-ին Air Arabia ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի փաստաթուղթ է հանձնել նրան: Դրանում ամփոփ շարադրված են ՀՀ կառավարության և Air Arabia-ի պայմանավորվածությունները «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն (առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով) ստեղծելիս ու դրանց կատարման ընթացքը:
Վարչապետի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ փաստաթղթի մասին որևէ նշում չկա: Փոխարենն ասվում է, թե Ալին, գոհունակություն հայտնելով Հայաստանի հետ համագործակցության կապակցությամբ, նշել է, որ այն զարգանալու մեծ ներուժ ունի. «Նա Air Arabia ընկերության պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու և ընդլայնելու համատեղ ծրագրերը: Կողմերը քննարկել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող «Ֆլայ Արնա» ավիաընկերության զարգացման հեռանկարները»:
Սակայն մեր ձեռքի տակ հայտնված այս փաստաթղթում նշված կետերը թույլ են տալիս ասել, որ հանդիպումը չի եղել միմյանց գոհունակություն հայտնելու մասին, հակառակը՝ եթե կարճ նկարագրենք, ապա փաստաթուղթը յուրօրինակ հիշեցում է Կառավարությանը հայկական կողմի խոստացած, բայց չարած քայլերի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության/ԱՆԻՖ-ի ու Air Arabia-ի միջև առկա ու խորացող հակասություններն ի վերջո հիմք դարձան, որ համատեղ նախագիծը ձախողվի. «Ֆլայ Արնան» թռիչքային գործունեությունը դադարեցրեց 2024-ի հունվարին, իսկ մայիսին լուծվեցին աշխատողների հետ կնքված պայմանագրերը:
Ընդ որում՝ այս փաստաթուղթը պարունակում է նաև տեղեկություններ այլ հայկական ավիափոխադրողների մասին, ու չի բացառվում, որ վերջիններս տեղյակ էլ չեն եղել իրենց վերաբերյալ ծրագրված քայլերից, որոնք, ըստ հայ-արաբական պայմանավորվածությունների, պետք է կատարեր ՀՀ կառավարությունը:
Փաստաթուղթը կազմվել է հենց 2023-ի ապրիլին, այսինքն՝ նկարագրում է իրավիճակն այդ պահի դրությամբ: Մեր տեղեկություններով՝ այն կազմել է Air Arabia-ն, որը, հիշեցնենք, «Ֆլայ Արնայի» կառավարիչ կազմակերպությունն էր, ինչպես նաև իրեն փոխկապակցված International Business Company (FZE) արաբական ընկերության միջոցով մինչ օրս 49 % բաժնեմաս ունի «Ֆլայ Արնայում»: Եվս 49 % պատկանում է հայկական ԱՆԻՖ-ին, որը պետական ընկերություն է, մնացած 2 %-ի տերն էլ արաբական աշխարհում հայտնի հայազգի գործարար Վարուժան Ներգիզյանն է:
«Ֆլայ Արնա. համատեղ ձեռնարկության ստեղծման ռազմավարական տեսլական-առկա իրավիճակ համեմատական». այսպես է կոչվում Փաշինյանին Ադել Ալիի ներկայացրած փաստաթուղթը:
Փաշինյանի ու Ալիի հանդիպմանը մասնակցել են նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու ԱՆԻՖ-ի տնօրեն, «Ֆլայ Արնայի» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանը: «Հետքը» վարչապետին խնդրել է հաստատել կամ հերքել, որ Ադել Ալին նման փաստաթուղթ է ներկայացրել, սակայն, ի զարմանս մեզ, վարչապետի աշխատակազմը մեր հարցումը վերահասցեագրել է ՏԿԵՆ-ին, որը ՀՀ-ում քաղավիացիայի քաղաքականությունը մշակող ու իրականացնող մարմինն է, նրան է ենթարկվում Քաղավիացիայի կոմիտեն:
ՏԿԵՆ-ից հայտնել են, որ իրենք այս փաստաթղթի մասին տեղեկատվության չեն տիրապետում: ՏԿԵ նախարարությունը «Հետքի» հարցումը միաժամանակ ուղարկել է Էկոնոմիկայի նախարարություն, սակայն այնտեղից փոխանցել են, որ մեր հարցերի առնչությամբ տեղեկություններ չունեն (2019-2021 և 2023-2024 թթ. ԱՆԻՖ-ի բաժնետոմսերի կառավարումը հանձնված էր ԷՆ-ին, իսկ 2021-2023 թթ.՝ վարչապետի աշխատակազմին):
Վերադառնանք փաստաթղթին. դրանում նախ ժամանակագրությամբ հիշեցվում է, թե ինչպես է սկսվել հայ-արաբական համագործակցությունը: Այսպես՝ 2021 թ. հունվարին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ), որը ղեկավարում էր Տաթևիկ Ռևազյանը, կապ է հաստատել Air Arabia-ի հետ՝ վերջինիս դիտարկելով իբրև հավանական գործընկեր: Թե ինչու է ՔԱԿ-ը կապվել աշխարհում առկա բազմաթիվ ավիաընկերություններից հենց Air Arabia-ի հետ, պարզ չէ: Կառավարությունում «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ ՔԱԿ-ն այս փոխադրողի վրա դուրս է եկել շահագրգիռ միջնորդի միջոցով:
Փետրվարին կայացել է արաբական կողմի առաջին այցը Հայաստան, որտեղ Կառավարության հետ քննարկվել է համատեղ ձեռնարկության ռազմավարական տեսլականը ազգային ավիափոխադրող ստեղծելու համար: Փաստաթղթում չի նշվում, թե ՀՀ կառավարությունից ովքեր են մասնակցել քննարկմանը: Այս մասին վարչապետին ուղղված մեր հարցին ՏԿԵՆ-ից պատասխանել են, որ դրա վերաբերյալ տեղեկություններ չունեն: Իրականում մեր հարցերի թիվ մեկ հասցեատերը հենց վարչապետն էր կամ նրա աշխատակազմը, ոչ թե ՏԿԵՆ-ը կամ ԷՆ-ն: Այդուհանդերձ, մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ եղել են փոխվարչապետ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն ու ՔԱԿ-ի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Ըստ փաստաթղթի՝ 2021 թ. ապրիլին Air Arabia-ն ու ԱՆԻՖ-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, իսկ հուլիսին կնքվել է բաժնետերերի միջև պայմանագիրն, ու հայտարարվել է հայ-արաբական ավիաընկերության մասին (ներկա է եղել նաև Տիգրան Ավինյանը, տես ստորև):
2021-ի դեկտեմբերին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն պետական գրանցում է ստացել: 2022-ի մայիսին էլ Հայաստանում գրանցվել է նոր ավիաընկերության առաջին ինքնաթիռը, և «Ֆլայ Արնան» օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել: Նույն տարվա հուլիսին սկսվել են կոմերցիոն թռիչքները: Ամփոփելով ժամանակագրությունը՝ Air Arabia-ն նշել է, որ 2023-ի ապրիլի դրությամբ «Ֆլայ Արնայի» 2 օդանավերն իրականացնում են չվերթեր դեպի 4 երկրների 8 օդանավակայաններ, սակայն դեռևս զգալի խոչընդոտներ կան նրա զարգացման ճանապարհին՝ հեռու սկզբնական ռազմավարական տեսլականով նախատեսված միջավայրից:
Հայկական ավիացիայի պատմական մարտահրավերները՝ ըստ արաբների
Այնուհետև Air Arabia-ն շարադրել է հայկական ավիացիայի պատմական մարտահրավերները, որոնց մի մասը, անկեղծ լինենք, համապատասխանում են իրականությանը:
Ահա մարտահրավերները՝ ըստ արաբների.
«Ֆլայ Արնան» պիտի դառնար ազգային ավիափոխադրող
Արաբական կողմն անդրադարձել է նաև ազգային ավիաուղիների ձևավորման Հայաստանի տեսլականին: 2021-ի փետրվարին, ըստ էության, այս տեսլականն են քննարկել Air Arabia-ն ու ՀՀ կառավարությունը: Ըստ այդմ՝ կարևորվել է մեկ ուժեղ, մասշտաբային ազգային ավիափոխադրողի ստեղծումը, որն իր պրոդուկտով/ապրանքանիշով կարող է դառնալ Հայաստանին համահունչ: Ազգային փոխադրողը պետք է լիներ նոր ավիաընկերություն (և ոչ թե առկա օպերատորներից մեկը), որը պիտի կարողանար ուղղությունների ամբողջական ցանկ առաջարկել ուղևորներին՝ Երևանը դարձնելով առաջատար ավիացիոն հանգույց ԱՊՀ տարածաշրջանի համար: Ընդգծվել է, որ ազգային ավիաուղիների հաջողությունը փոխշահավետ է Հայաստանի համար սպառողի ընտրության, տնտեսական եկամուտների, զբաղվածության և տուրիզմի զարգացման տեսանկյունից:
Թվում է, թե գեղեցիկ մտքեր են՝ իրականություն դառնալուն արժանի: Բայց ի՞նչ գնով պիտի «Ֆլայ Արնան», որն այս տեսլականը քննարկելիս դեռ գոյություն չուներ, հասներ այս մակարդակին: Այս մասին՝ քիչ անց, իսկ մինչ այդ հասկանանք, թե ինչ է ազգային ավիափոխադրողը, ինչպիսին իրենց սիրում են համարել որոշ հայկական ավիաընկերություններ:
«Ազգային ավիափոխադրող» հասկացությունը հստակ սահմանված է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, ՄԱԿ-ի կառույցներից է) կողմից:
«Ազգային ավիափոխադրողը» (national carrier) արտահայտություն է, որը կիրառվում է այն ավիափոխադրողի հանդեպ, որը հիմնադրվել է տվյալ պետության ազգային օրենսդրությանը համապատասխան և որը սովորաբար այդ պետության միակ կամ հիմնական փոխադրողն է օդային տրանսպորտի ծառայությունների (ներառյալ՝ միջազգային ավիափոխադրումները) մատուցման ոլորտում, ինչպես նաև համարվում է ազգային գործիք օդային տրանսպորտում։
2021-ի նոյեմբերին «Հետքը» գրել էր, որ Հայաստանում չկա ազգային ավիափոխադրող, որքան էլ որ հայ-մոլդովական «Ֆլայուան Արմենիան» իրեն գովազդի որպես «ազգային ավիաուղիներ» (այդ ժամանակ այս ընկերությունն իր թռիչքները նույնիսկ չէր սկսել), նույնը գրել էինք հայ-արաբական «Ֆլայ Արնայի» մասին, որը դեռ պետական գրանցում էլ չէր ստացել, բայց հիմնադիրների՝ ԱՆԻՖ-ի ու Air Arabia-ի կողմից ներկայացվում էր որպես «հայկական նոր ազգային ավիաընկերություն»:
Ազգային ավիափոխադրող չունենալու բնական և պարզ պատճառն այն է, որ Հայաստանում արդեն 10 տարի չկա մի ավիաընկերություն, որը լինի ոլորտում միակը կամ հիմնական խաղացողը և պետության համար ծառայի իբրև ազգային գործիք օդային տրանսպորտում: Նշել էինք նաև, որ ոլորտի պատասխանատուները՝ ՔԱԿ-ն ու ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, պետք է արգելեն նման արտահայտության կիրառությունը, քանի որ այն, ինչպես բխում է ICAO-ի սահմանումից, նշանակում է որոշակի առավելություն տեղական այլ օպերատորների նկատմամբ։
Եվ վերադառնալով «Ֆլայ Արնային»՝ պետք է ասել, որ սրա հիմնադիրները մտադիր էին այն իսկապես դարձնել ICAO-ի ձևակերպմանը համապատասխանող ընկերություն, ու պատահական չէ, որ պետական գրանցում ստանալիս փոխադրողն այդպես էլ կոչվեց՝ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ: Այլ հարց է, որ վերջինս փաստացի այդպես էլ չդարձավ ազգային ավիափոխադրող:
Դեպի մոնոպոլիա՝ մյուսների «դիերի վրայով»…
Air Arabia-ի կազմած փաստաթղթում «Ֆլայ Արնայի»՝ որպես ազգային ավիափոխադրող հաջողելու քայլ-պայման է դիտարկվում (ի թիվս այլ քայլերի) հետևյալ կետը. «Մեկ-երկու օդանավ շահագործող ավիաընկերությունների աստիճանաբար դուրսմղում շուկայից, որոնց օպերացիոն ստանդարտները ծանր ազդեցություն են ունեցել Հայաստանի ավիացիայի վարկանիշի վրա»:
Դժվար է ասել, թե ում «պայծառ» գլխում է ծագել այս միտքը, բայց կարող ենք պնդել, որ նման նախադասություն գրողը գաղափար չունի հայկական ավիացիայից: Բանն այն է, որ մեր քաղավիացիան ԵՄ «սև ցուցակում» ներառելու պատճառ դարձած (եթե կարելի է այդպես ասել, քանի որ գլխավոր թերացողը նրանց վերահսկող ՔԱԿ-ն էր՝ նույն Տաթևիկ Ռևազյանի գլխավորությամբ) ավիաընկերությունները տարբեր ձևերով հայկական շուկայից դուրս են եկել/մղվել մինչև 2020 թ. հուլիս ամիսը, այսինքն՝ 2021-ի փետրվարին ազգային ավիափոխադրողի մասին տեսլական քննարկելիս կամ 2023-ի ապրիլին այդ տեսլականի մասին հիշեցնելիս նման արտահայտություն անելն ուղղակի փաստերի խեղաթյուրում է:
Նկատենք, որ 2021-ի փետրվարին Հայաստանում կոմերցիոն նպատակներով օդանավեր էին շահագործում «Ավիակոմպանիա Արմենիա» (հետագայում՝ «Էյր Դիլիջանս»), «Արմենիա Էյրվեյզ» և «Արմենիան Հելիքոփթերս» (ուղղաթիռային) ընկերությունները: «Շիրակ Ավիան» էլ իր ինքնաթիռը վարձակալությամբ էր տալիս տեղացի գործընկերներին, մինչև 2022-ի ամռանը «Ֆլայ Արնային» զուգահեռ սկսեց սեփական թռիչքները:
Ինքնաթիռ շահագործող նշված օպերատորներն իսկապես ունեցել են 1-2 օդանավ, սակայն այդ հանգամանքը որևէ մեկին օրինական և բարոյական իրավունք չի տալիս տվյալ ավիաընկերությանը դիտարկել որպես դուրսմղման ենթակա, քանի որ ՀՀ ավիացիոն շուկան 2013-ից ազատականացվել է, իսկ ավիացիայում թիվ մեկ նախապայմանը անվտանգությունն է. եթե տվյալ օդանավը տեխնիկապես սարքին վիճակում է և ճանաչվել է պիտանի, անվտանգ թռիչքների համար, էական չէ, թե որ թվի արտադրանք է, կամ շահագործողը քանի օդանավ ունի:
2022-ի հունիսից ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնած Միհրան Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ 2023-ի ապրիլին կազմված և մեր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթն ինքը չի տեսել, բայց նկատում է, որ արաբները տարբեր առիթներով բողոքել են թե՛ ՔԱԿ-ից, թե՛ հայկական մյուս ավիաընկերություններից, այդ թվում՝ իր ներկայությամբ: Ի պատասխան՝ Խաչատրյանը շեշտում է, որ «Ֆլայ Արնայի» ղեկավարությունն իրավունք չուներ գնահատական տալ, թե մյուս փոխադրողները որակապես ինչպես են աշխատում, քանի որ դրա համար կան միջազգային մարմիններ՝ ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն), EASA (Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալություն, ԵՄ կառույց է): Խաչատրյանը նկատում է, որ 2022-2024 թթ. Հայաստանի ավիաընկերությունները ստուգվել են ICAO-ի, EASA-ի ու գործընկեր երկրներից հրավիրված տեսուչների կողմից, և չնայած արձանագրվել են խախտում-թերացումներ, ոչ մի ավիաընկերությունում չի հայտնաբերվել առաջին մակարդակի խախտում (Level 1 finding), որը կպահանջեր հրատապ դադարեցնել, կասեցնել կամ սահմանափակել տվյալ փոխադրողի գործունեությունը: Ավելին՝ ՔԱԿ-ի նախագահը նշում է, որ երբ «Ֆլայ Արնան» Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտ (IOSA) էր անցել, 11 խախտում էր արձանագրվել (այդուհանդերձ, ընկերությունը ստացել էր IOSA վկայական), բայց երբ ավելի ուշ ՔԱԿ-ն էր գործընկերների հետ աուդիտ արել, 3 անգամ ավելի շատ թերացումներ էին հայտնաբերվել:
«Ֆլայ Արնայից» առաջ շուկայում գործող և նրա ստեղծումից հետո ոլորտ մտած հայկական ավիաընկերությունները, ինչպես տեսնում ենք Air Arabia-ի կազմած փաստաթղթի որոշ կետերում, դիտարկվել են իբրև խոչընդոտ հայ-արաբական համատեղ ձեռնարկության հաջողության ճանապարհին: 2023-ի ապրիլին արաբական կողմը դժգոհել է, որ հայ գործընկերները (ՀՀ կառավարությունը) չեն կատարում իրենց ստանձնած մի շարք պարտավորություններ: Դրանց թվում նշվում է «տեղական ավիաընկերությունների ցանկի վերանայումը՝ մեկ ուժեղ ազգային ավիափոխադրող հիմնելու համար»:
Ի՞նչ է սա, եթե ոչ արհեստական մոնոպոլիայի ձևավորման փորձ: Այնպիսի մոնոպոլիայի, ինչպիսին 2003-ին օրվա իշխանությունների աջակցությամբ և, մասնավորապես, «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերության սնանկացման արդյունքում ստացավ իշխանամերձ գործարար Միխայիլ Բաղդասարովի «Արմավիան» և հայկական երկնքում իշխեց ուղիղ 10 տարի՝ մինչև 2013 թ., երբ անփառունակ ձևով դադարեցրեց գործունեությունը, ապա Բաղդասարովի մեկ այլ ընկերության պահանջով սնանկ ճանաչվեց՝ ձեռնունայն թողնելով 100-ից ավելի պարտատերերի:
Կարելի է պատկերացնել, թե ինչ սկանդալ կծագեր, եթե հանկարծ ՀՀ իշխանությունները փորձեին տեղական ավիաընկերությունների զտում իրականացնել: Շեշտենք՝ սկանդալը դուրս էր գալու Հայաստանի սահմաններից, քանի որ պետական մարմինների կողմից հովանավորչությունն ու խտրական մոտեցումը շուկայի խաղացողների հանդեպ ստանալու էր նաև միջազգային գործընկերների խիստ բացասական արձագանքը:
Նկարագրելով այն ժամանակ ստեղծված իրավիճակը՝ օրերս՝ հոկտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է. «…Մենք հիմա արհեստական կամ օրենսդրական խոչընդոտներ պիտի ստեղծե՞նք շուկայի մյուս խաղացողների համար, որպեսզի մեր էս ներդրումը պաշտպանենք պրոտեկցիոն մեխանիզմներով, թե՞ ոչ: Մենք եկանք էն եզրակացության, որ ոչ, դա չենք անելու… Մենք գնացել ենք ըտենց ծանր որոշման և շուկայում փոփոխություններ չենք արել, այսինքն՝ արհեստական պրոտեկցիոն մեխանիզմներ չենք ստեղծել, և տեղի է ունեցել էն, որ «Ֆլայ Արնան», որը մեր կողմից չի կառավարվել, շուկայում ունեցել է անհաջողություն»:
Արաբները չեն ուզում արևի լույսը կիսել մյուսների հետ
Air Arabia-ն վարչապետին ներկայացրած փաստաթղթի մի բաժինը վերնագրել է «Տեղական ավիափոխադրողների ռացիոնալիզացիա» ու նշել մի քանի կետ, որոնց տողատակերում զայրույթ ու հիասթափություն ենք տեսնում:
«Տեղական ավիափոխադրողների շրջանակի վերանայման արդյունքում Հայաստանի ուժեղ ազգային ավիափոխադրող, ի դեմս «Ֆլայ Արնայի», ստեղծելու փոխարեն տեղի ունեցավ հակառակը»,- գրված է փաստաթղթում, որից հետո շարադրված են ասվածը «հիմնավորող» փաստեր։
««Ֆլայ Արնա» ավիաընկերության պլանավորման փուլում առկա էին ընդամենը 2 փոքր ավիափոխադրողներ, որոնք Հայաստանից իրականացնում էին կոմերցիոն ուղևորափոխադրումներ,- նշել է Air Arabia-ն՝ նկատի ունենալով «Ավիակոմպանիա Արմենիային» և «Արմենիա Էյրվեյզին», ապա հավելել,- այժմ հայկական ավիաուղիներ անվան տակ գործում են Երևանում հիմնադրված 6 ավիաընկերություններ»:
2023-ի ապրիլին կոմերցիոն փոխադրումներ էին կատարում «Ֆլայ Արնան» («Հայկական ազգային ավիաուղիներ»), «Ֆլայուան Արմենիան», «Էյր Դիլիջանսը» (մինչև 2023 թ. մարտ ամիսը կոչվում էր «Ավիակոմպանիա Արմենիա»), «Արմենիա Էյրվեյզը», «Հայկական ավիաուղիները», «Շիրակ Ավիան», «Արմենիան Հելիքոփթերսը» (շահագործում է ուղղաթիռներ), «Սքայբոլը» (շահագործում է օդապարիկներ):
Air Arabia-ն բողոքում է, որ հայկական շուկայի հնարավորությունների համեմատ մեծ քանակությամբ ավիաընկերություններ են ստեղծվել: Բացի դրանից՝ առկա իրավիճակը հստակորեն ոչ կայուն է՝ պայմանավորված Ռուսաստանում առկա իրողություններով (խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի մասին է):
ՔԱԿ-ի նախագահ Միհրան Խաչատրյանը հակադարձում է, որ 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո հայկական ավիաընկերությունների, այդ թվում՝ «Ֆլայ Արնայի» համար բարենպաստ միջավայր ստեղծվեց, քանի որ պատերազմող երկրներից Հայաստան տեղափոխվեց ուղևորների մեծ շուկա, թռիչքների հաճախականություններն ավելացան, մարդկանց հոսքը մեծացավ, ինչը բիզնեսի տեսանկյունից շահավետ էր:
Արաբական կողմը դժկամությամբ արձանագրում է, որ «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությանը հնարավորություն է տրվել արագորեն աճել՝ շրջանցելով Հայաստանի համար առկա արգելքները և շահագործելով վարձակալված օդանավեր, ներառյալ՝ օտարերկրյա թռիչքային անձնակազմեր:
Փաստորեն, արաբները թե՛ նալին են խփում, թե՛ մեխին: Նրանք բողոքում են, որ Հայաստանի իշխանությունները չեն հասել ԵՄ-ի ու ԱՄԷ-ի կողմից հայկական ավիացիայի հանդեպ կիրառվող արգելքների չեղարկմանը, մյուս կողմից՝ դժգոհում են, որ նույն իշխանությունները «Ֆլայուան Արմենիային» թույլ են տվել վարձակալությամբ շահագործել այնպիսի երկրներում գրանցված օդանավեր, որոնք չեն գտնվում սահմանափակումների տակ: Դժվար է ասել, թե արաբների տրամաբանությամբ ՀՀ ավիացիոն իշխանություններն ինչպես, ինչ օրենքի հիման վրա պիտի արգելեին տեղական որևէ ընկերության օդանավ վարձակալել արտերկրից:
Առիթ ունեցել ենք գրելու, որ հայ-մոլդովական «Ֆլայուան Արմենիան» «թաց լիզինգի» (wet lease) պայմաններով շահագործել/շահագործում է մոլդովական և ռումինական իր քույր ավիաընկերությունների, ինչպես նաև այլ երկրներում (օրինակ՝ Մոնղոլիա, Լիտվա, Բուլղարիա) գրանցված օդանավեր: Նման ձևով «Ֆլայուան Արմենիան» հաղթահարում է նաև դեպի Եվրոպա մեկնող (տարանցիկ թռիչք իրականացնող) հայկական ավիաընկերությունների առաջ Թուրքիայի ստեղծած արհեստական խոչընդոտները: «Թաց վարձակալությունը» (օդանավի անձնակազմը, տեխսպասարկումը, ապահովագրությունը վարձատու կողմն է ապահովում, և օդանավը շարունակում է գրանցված մնալ վարձատուի երկրում) նորմալ պրակտիկա է ավիացիայում և երբեմն կիրառվում է՝ տարբեր սահմանափակումներ հաղթահարելու համար:
Ինչպես արդեն գրել ենք, ոչ մի բան չէր խանգարում, որ «Ֆլայ Արնան» ևս կիրառեր «Ֆլայուան Արմենիայի» փորձը՝ ունենալով Air Arabia-ի նման մեծ ռեսուրսներ ունեցող «թիկունք», այսինքն՝ նրանից ԱՄԷ գրանցումով օդանավեր վերցներ «թաց վարձակալությամբ», ինչը չի արվել: «Ֆլայ Արնայի» նախկին հայ աշխատակիցները «Հետքի» հետ զրույցում ևս տարակուսել են արաբական կառավարչի նման վարքագծից:
Արաբների պահվածքից ուսերը թոթվում են նաև Քաղավիացիայի կոմիտեում: «Մենք 2020-ին ԵՄ «սև ցուցակում» հայտնվելուց հետո դիմել ենք EASA-ին, ասել ենք՝ կարող են, չէ՞, ՀՀ փոխադրողները երրորդ երկրներից օդանավ վարձակալել ու դեպի ԵՄ թռիչքներ կատարել, ասել են՝ խնդիր չկա: «Ֆլայուան Արմենիան» ու «Ավիակոմպանիա Արմենիան» այդպես էլ արել են: Լավ օրից չէ դա, բայց տարբերակ է,- պատմում է ՔԱԿ-ի փոխնախագահ Ստեփան Փայասլյանը,- ես «Ֆլայ Արնայի» գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսին ասել եմ՝ Air Arabia Group-ից մի օդանավ բերեք, թռեք Եվրոպա: Ասում էր՝ ուզում ենք, մտածում ենք, քննարկում ենք…»:
Արաբները բողոքել են նաև, որ ՔԱԿ-ը բավականաչափ ակտիվություն չի դրսևորել «Ֆլայ Արնայի» աճին նպաստող անհրաժեշտ օդային թույլտվություններն ու հաստատումները ապահովելու հարցում:
Ս. Փայասլյանը հակադարձում է. «Ես կատակով ասում էի՝ Էնթոնի ջան, ձեր օդանավի ակերի տակ խոտ է աճում, թռե՛ք (նկատի ունի «Ֆլայ Արնայի»՝ ՀՀ գրանցումով ինքնաթիռը - հեղ.): Մենք իրենց գործունեության ընթացքում ստացել ենք միայն մեկ բողոք, փոխարենը ունեինք հազարավոր բողոքներ «Ֆլայուան Արմենիայից», որոնք հիմա հասել են 10-15-ի, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս «Ֆլայուանի» պայքարող, բիզնեսմեն տեսակը, քան թե նրանց, որ կորցնելու բան չունեն, բայց չեն թռչում: Սանկտ Պետերբուրգ էին թռչում ծանրաբեռնված, բայց չվերթը հանեցին: Տարբեր տեղերից (այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Ֆիլհարմոնիկ նվագախումբ) ՔԱԿ-ին բազմաթիվ անգամ դիմել են, ասել են՝ չարտերային չվերթի համար ու՞մ օդանավը խորհուրդ կտաք վերցնենք, ասել ենք՝ «Ֆլայ Արնայի»՝ որպես պետական մասնակցությամբ ընկերության: Բայց էնպիսի գներ են ասել, որ պատվիրատուները այլ երկրից օդանավ են վերցրել, բերել էստեղ, թռել մեկ ուրիշ երկիր ու վերադարձել կրկնակի էժան գներով»:
Այս տարվա մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, թե «Ֆլայ Արնայի» ծրագիրը ձախողվել է: Ըստ նրա՝ այս ավիաընկերության հիմնադրումից հետո շուկայի կոնյուկտուրան որոշակի փոփոխություն է կրել, նոր ընկերություններ են հայտնվել, և «Ֆլայ Արնան» մրցակցությանը չի դիմացել: Երբ վարչապետին հարցրել էինք, թե կոնկրետ որ ընկերությունների մուտքն է խնդիր ստեղծել «Ֆլայ Արնայի» համար, մեր հարցմանը պատասխանած Էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել էր, թե այն բանից հետո, երբ 2022 թ. մայիսին «Ֆլայ Արնան» ՕՇՎ է ստացել, ՀՀ ավիացիոն շուկա մուտք է գործել ուղևորափոխադրում իրականացնող մեկ ընկերություն՝ «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն: Վերջինս թռիչքներ է կատարում 2023-ի մարտից, բայց Էկոնոմիկայի նախարարության պատասխանը որևէ կերպ չի հիմնավորում, չի հստակեցնում Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե նոր ընկերությունների մուտքը բացասական առումով ազդել է «Ֆլայ Արնայի» վրա:
Հիմա, ձեռքի տակ ունենալով Air Arabia-ի կազմած ու 2023-ի ապրիլին Փաշինյանին ներկայացված փաստաթուղթը, հասկանում ենք, որ գործադիրի ղեկավարը, հեռու լինելով ավիացիայից, թերևս կրկնել է արաբական կողմի առաջ քաշած թեզը, այն է՝ մյուսների ներկայությունը խոչընդոտ է իր զարգացմանը (ճիշտ է՝ Փաշինյանը սա կոչում է մրցակցություն, ինչի մասին Air Arabia-ն լռում է):
Դժգոհ լինելով, որ «Ֆլայուան Արմենիային» հնարավորություն է տրվել (շեշտենք՝ այլ կերպ չէր էլ կարող լինել) վարձակալված օդանավեր շահագործել և շրջանցել ԵՄ սահմանափակումները՝ արաբական կողմը փաստաթղթում հիշատակել է նաև «Հայկական ավիաուղիներին»՝ նշելով. «2022 թ. դեկտեմբերին ևս մեկ ՕՇՎ է տրվել «Հայկական ավիաուղիներին», որը վայելում է Ռուսաստանի և Թուրքիայի զգալի աջակցությունը Nordwind ավիաընկերության միջոցով»:
Նախկին պետական «Հայկական ավիաուղիների» լուծարումից հետո ստեղծված նույնանուն մասնավոր ավիաընկերությունը, որը որևէ կապ չունի 1990-ականների ՀՀ ազգային ավիափոխադրողի հետ, իսկապես ունի ռուս-թուրքական կապեր, ինչի մասին «Հետքը» գրել էր 2023-ի հուլիսին: Սակայն օրինականության տեսանկյունից այստեղ հարցեր չկան, այլ բան, որ արաբական կողմն, ըստ էության, փորձել է էմոցիոնալ շեշտադրում կատարել՝ ընդգծելով «Հայկական ավիաուղիների» կապը Ռուսաստանի և Թուրքիայի հետ:
Փաստաթուղթը կազմողները դժգոհել են նաև ՀՀ քաղավիացիայի կոմիտեից. «ՔԱԿ-ի քաղաքականությունը (նկատի ունեն հայկական մյուս ավիաընկերությունների առաջ «կանաչ լույս վառելը» - հեղ.) նյութապես ազդել է «Ֆլայ Արնայի» աճի ու կատարողական ցուցանիշների վրա և հակասում է ի սկզբանե համաձայնեցված տեսլականին»:
Միհրան Խաչատրյանն արձագանքում է. «ՀՀ կառավարության կողմից տրված խոստումներին վերաբերող որևէ փաստաթուղթ կամ արձանագրություն, ոչ մի բան ներկայացված չի եղել: Դրա համար բոլոր պնդումները, թե կան պայմանավորվածություններ, թող տրամադրեն: Եթե պատրաստվում են դատի տալ, թող տան, բայց պիտի հիմնավորեն»:
-Պարոն Խաչատրյան, այդ տեսլականը որևէ տեղ գրված կա՞:
-Ոչ:
-Պայմանավորվածությունն օդի մե՞ջ է եղել:
-Այո: Կարող է եղել է, կարող է չի եղել: Եթե մենք չունենք արձանագրված որևէ փաստ, չենք կարող պնդել, որ սա ճիշտ է:
ՔԱԿ-ին քննադատելուն զուգահեռ արաբները «տակառ են գլորում» հայկական մյուս ավիաընկերությունների վրա. «ՔԱԿ-ը շարունակում է հին օդանավեր շահագործող և հաճախորդների վատ սպասարկում ունեցող նոր ավիաընկերություններին թույլատրել մուտք գործել շուկա՝ կասկածի տակ դնելով «Ֆլայ Արնա» ավիաընկերության կազմավորման սկզբնական նպատակները»:
Կոմիտեի նախագահը հակադարձում է. «Նման պնդումներն իրենց իրավասությունը չեն, դրա համար կան ICAO և EASA: Նրանք եկել, ստուգել ու ասել են, որ ՔԱԿ-ը համապատասխանում է իրենց պահանջներին, ՀՀ-ում գործող բոլոր ավիաընկերությունները համապատասխանում են ICAO-ի անվտանգության պահանջներին և չունեն որևէ Level 1 finding, էլ ի՞նչ է պետք»:
Մեկ այլ տեղում էլ ասվում է. «Նոր ավիաընկերությունները և օտարերկրյա գրանցում ունեցող վարձակալված օդանավերի շահագործումը էապես նվազեցնում են տեղական աշխատանքի հնարավորությունները և տնտեսական օգուտները Հայաստանի քաղաքացիների համար և Հայաստանի համար»:
2023-ի ապրիլին պատրաստված փաստաթղթում ներառված այս պնդումները դժվար է կոչել այլ բան, քան զրպարտություն: Եվ եթե փաստաթուղթը ժամանակին ընկներ այդ պնդումների «հասցեատեր» ավիաընկերությունների ձեռքը, ենթադրելի է, որ դատական հայցեր կտեսնեինք «Ֆլայ Արնայի» արաբ կառավարիչների դեմ:
Վերջիններիս կողմից Հայաստանի իշխանություններին, մասնավորապես՝ ՔԱԿ-ին ուղղված այլ քննադատություններին և «Զվարթնոց» օդանավակայանից առկա դժգոհություններին, կանդրադառնանք հաջորդ հոդվածում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը