Այո, Արցախի կորստի համար Նիկոլ Փաշինյանը մեղավոր է, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Նա նշեց՝ թելուզ ավելի շատ զոհերի գնով, բայց Արցախը պետք էր պահել։
«Ինքս էլ, զենքը ձեռքիս, այդ կարծիքին եմ եղել, որ թող կռվենք, ես էլ մեռնեմ, իմ պես՝ 500 000 հոգի էլ մեռնի, բայց Արցախը մնա իր տեղում, որովհետև իմ, ձեր, բոլորիս լինելիության համար միլիոնավոր հայեր զոհվել են։ Զոհվել են, որ մենք մնանք հայ, հայերեն խոսենք, քրիստոնյա մնանք»,- ասաց Առուշանյանը։
Նրա կարծիքով՝ մեր ազգաբնակչությունը խնդրին այդ տեսանկյունից չի մոտեցել, հակառակը, ողջունել է Փաշինյանի ասածը, թե ինքը 25 000 զինվորների «կյանք է փրկել» ու «խաղաղություն» է բերելու։
«Գործող իշխանության օրակաարգն էր, որ պետք է լինի խաղաղություն, մեր ազգաբնակչության մեծ մասն էլ գնաց, ընտրեց իշխանությանը»,- հավելեց Առուշանյանը։
Նրան հարց տրվեց նաև Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստի մասին։
«Եթե պատերազմում պարտվել էր, թշնամին էլ գրավել էր Արցախը, էլ ճանաչել-չճանաչելը ո՞րն է։ Ինչու՞ այդ հարցը չեք տալիս վարչապետին, իրենց պատասխան լսեք»,- ասաց Առուշանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը