Politik.am-ը գրում է․
Ազատություն ռադիոկայանը երեկ իր աղբյուրներին հղում տալով գրել էր, որ ՔՊ-ում որոշել են Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչել ԱՆդրանիկ Քոչարյանին։ ՔՊ-ականները չնայած հերքեցին, բայց այսօր ևս մամուլը գրեց, որ կուսակցության վարչությունում հարցը ամեն դեպքում քննարկման է դրված։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանին չեն վստահում և կարծում են, որ նա իր պաշտոնական լիազորությունները ծառայեցնում է իր անձնական նպատակներին։ ՔՊ-ում անգամ հիշել են այն, որ տարիներ առաջ, երբ Անդրանիկ Քոչարյանը Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ էր՝ իր այն ժամանակվա մտերիմներից մեկի՝ Ռուբեն Հայրապետյանին առնչվող դրվագներ է դուրս թողել զեկույցից։ Ըստ լուրերի, ՀԱԿ-ի և Անդրանիկ Քոչարյանի հակասությունները սկսվել են այս դրվագից, երբ պարզ է դարձել, որ նա փաստահավաք խմբի անդամի իր լիազորությունները ծառայեցրել է անձնական նպատակների։
Փորձեցինք այս դրվագին առնչվող փաստեր գտնել և գտանք տարիներ առաջ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցներից մեկը` լրագրող Կարմեն Դավթյանի տաղավարում։ Լրագրողը հարցազրույցի ժամանակ հայտարարում է․ «ՀԱԿ-ը ձեզ մեղադրում էր, որ դուք Մարտի 1-ի զեկույցից հանել եք ձեր ընկեր Ռուբեն Հայրապետյանի անունը»։
Անդրանիկ Քոչարյանը փորձում է հերքել այդ լուրը՝ պնդելով, որ հիմնական փաստաթուղթը ուղարկել է Լևոն Զուրաբյանը և դրանում Ռուբեն Հայրապետյանի անունը չի եղել։
ՔՊ-ում այս դրվագը հիշել են, քանի որ հիմա էլ Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի նախագահն է և չեն բացառում, որ նա կարող է փաստաթղթեր հավաքել Նիկոլ Փաշինյանի դեմ ու դրանք ինչ որ փուլում օգտագործել, որպես ճնշման գործիք․ «Եթե մարդը Մարտի 1-ի փաստահավաք խմբի շարքային անդամ լինելով կարողացել է իր ընկեր Ռուբեն Հայրապետյանի անունը զեկույցից հանել, ապա պատկերացնում եք հիմա ինչ կարող է անել, որպես հանձնաժողովի նախագահ։ Այդ ահնձնաժողովում ամենափորձառուն ինքն է։ Հիմա բոլոր ուժային կառույցներին, Նիկոլ Փաշինյանի գործունեությանը վերաբերվող ամենագաղտնի փաստաթղթերը իր ձեռքի տակով են անցնում։ Պարզ է չէ, որ նա սրանով բացառիկ ազդեցություն կարող է ունենալ։ Չեմ կարող բացառել, որ նա իր համար երկու զեկույց է կազմում, մեկը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ եղած փաստերի հիման վրա, մյուսը՝ ի պաշտպանություն և ըստ քաղաքական նպատակահարմարության կարող է դրանք գործի դնել։ Պարզ է չէ, որ հանձնաժողովի նիստում Փաշինյանի դեմ ևս ցուցմունքներ ու վկայություններ են եղել։ Բնական է, որ դա չի լինի հրապարակվող զեկուցյում, բայց դրանք կլինեն Անդրանիկ Քոչարյանի մոտ և չեմ բացառում, որ նա դա կարող է օգտագործել x պահի»,- ասաց մեր զրուցակից ՔՊ-ականը, ով չցանկացավ ներկայանալ, բայց վստահեցրեց, որ ինքը ևս ակտիվ է լինելու Քոչարյանին հեռացնելու հարցում։
Մենք փորձեցինք այս և այլ հարցերի մասով կապ հաստատել Անդրանիկ Քոչարյանի հետ, սակայն մեր փորձերն ապարդյուն անցան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը