168.am-ը գրում է․ «Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի: Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ։ Այս համաձայնագրի թիկունքում պետք է կանգնի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը:
Անցած շաբաթ բառացի նույն բանն ասել էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Գերմանական Berliner Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում նա նշել էր․
«Հայաստանի Հանրապետության տարածքային պահանջներն Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ եղել են հակամարտության հիմնական պատճառը հենց առաջին իսկ օրվանից, և տևական ու անշրջելի խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերջնականապես արմատախիլ անել այն։ Իսկ դա անհնար է անել առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։ Եթե այս երկրի հիմնական օրենքը մնա ներկայիս տեսքով, ապա խաղաղության պայմանագիրը կարճատև կլինի, քանի որ Հայաստանի Հանրապետության ցանկացած նոր ղեկավարություն, ընդդիմանալով Ադրբեջանի հետ խաղաղությանը, պարզապես կպախարակի այն՝ պատճառաբանելով ամենաբարձր իրավական ուժ ունեցող սահմանադրության հետ համաձայնագրի անհամապատասխանությունը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»։
Ադրբեջանցի պաշտոնյաների այս հայտարարությունները սոսկ Հայաստանին ուղղված հերթական պահանջների արտահայտությունը չեն, իրականում դրանք պարունակում են շատ ավելի խորքային շերտեր, որոնց նկատմամբ հայ հասարակության համարժեք արձագանքի դեպքում ներկայիս շատ կործանարար գործընթացներ կարող են առնվազն կանխվել։ Եթե դիվանագիտական լեզվից վերաշարադրենք ադրբեջանցի պաշտոնյաների խոսքը, ապա նրանց ասածը նշանակում է՝ իրենք հասկանում են, որ Հայաստանից պահանջածը ոտնահարում է հայերի ազգային արժանապատվությունը, նվաստացուցիչ է և, որ գործող իշխանությունից տարբերվող ցանկացած այլ իշխանություն կարող է չեղարկել ցանկացած պայմանագիր ու համաձայնություն, քանի որ դրանք, բացի ստորացուցիչ լինելուց, նաև պարունակում են պատմաքաղաքական այնպիսի անարդարություն, որը չի կարող երբևէ չդառնալ Հայաստանի քաղաքական օրակարգի մասը։
Ադրբեջանցիների ասածը նշանակում է նաև, որ իրենց պահանջներին կարող են համաձայնել միայն դավաճանաբար տրամադրված իշխանությունները (սեփական մտասևեռման պատճառով, թե իրական կոլաբորացիոնիզմի հիմքով՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ), և ցանկանում են իրենց իսկ խոսքերով՝ անշրջելի դարձնել դա։
Նրանց ասածն այլ խոսքով նաև այն է, որ իրենց բավարար չէ միայն իշխանության դավաճանությունը կամ դավաճանահակությունը, անհրաժեշտ է, որպեսզի դրա պատասխանատվությունը կիսի ողջ հայ ժողովուրդը։
Այս հայտարարությունները՝ մի կողմից՝ մարտահրավեր լինելով Հայաստանի համար, մյուս կողմից՝ պարունակում են նաև հնարավորություններ՝ հայ հասարակության արձագանքի տեսանկյունից։ Ադրբեջանն անուղղակիորեն գաղտնազերծում է Հայաստանի իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին՝ այն իմաստով, որ վերջինս պատրաստ է այնպիսի զիջումների, որոնք հնարավոր կլինեին միայն ադրբեջանական շահերը սպասարկող իշխանության պարագայում (սեփական մտասևեռման պատճառով, թե իրական կոլաբորացիոնիզմի հիմքով՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ)։
Հայ ժողովուրդը, ահա, մեծ հաշվով, այս մարտահրավերին պատասխանելու երկու տարբերակ ունի՝ կա՛մ իր անտարբերությամբ, անգործությամբ, «քաղաքականությամբ չզբաղվելու» կեղծ ինքնաարդարացմամբ թույլ տալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ կատարի Ադրբեջանի պահանջները՝ Արցախի հանձնման անջնջելի խարանը հանրաքվեի միջոցով դաջելով հասարակության հավաքական ճակատին և գցելով ժողովրդի գրպանը, կա՛մ ինքնապահպանման ու արժանապատվության պաշտպանության բնազդով պայմաններ ստեղծել, որպեսզի Ադրբեջանը որևէ փաստաղթուղթ կնքի ոչ թե Հայաստանի, այլ հենց Նիկոլ Փաշինյանի հետ։ Օրինակ՝ արտահանձնման կամ գերիների փոխանակության շրջանակներում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը