11 10 2024

Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է շրջակա միջավայրին վնաս հասցնելու մեջ. Դերենիկ Մալխասյան

Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է շրջակա միջավայրին վնաս հասցնելու մեջ. Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայաստանի դեմ Ադրբեջանը արդեն 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան:

Հայցերից մեկով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է շրջակա միջավայրին վնաս հասցնելու մեջ՝ ինչպես Արցախի տարածքում, այնպես էլ` Հայաստանում: Թիրախավորել են Արցախի ու Հայաստանի հանքարդյունաբերությունը: Հայաստանին մեղադրել են, որ հանքարդյունաբերության զարգացումը տարածաշրջանում առաջացրել է գետերի կենսամիջավայրի, ջրի, հողի քիմիական աղտոտում: Արդեն նշանակավել է արբիտրաժային տրիբունալ, ու գործը քննվում է: Սա անակնկալ չէր, քանի որ տարիներով Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանը բնապահպանական թեմաներով: Հատկապես ինտենսիվ շրջանառության մեջ են դրել գետերի ու ստորգետնյա ջրերի աղտոտման թեման: Տարօրինակ զուգադիպությամբ մեր հանքարդյունաբերության կողմից տարածաշրջանի ջրերի աղտոտումից խոսում են նաև այսպես կոչված հայ բնապահպանները: Որոշ դեպքում օտարերկրյա ֆոնդերի ֆինանսավորմամբ հենց Հայաստանում պատրաստված բնապահպանական զեկույցներն էլ օգտագործում է Ադրբեջանը: Հիմա արդեն հասկանալի է դառնում, թե ինչու են դրսից այդքան սիրում հայ որոշ բնապահպաններին գումար բաշխել: 

Ադրբեջանը հեռուն գնացող նպատակներ ունի, հսկայական նյութական փոխհատուցումներ է պահանջելու Հայաստանից: Զուգահեռ նաև շրջանառության մեջ են դնում մի վտնագավոր թեզ, որ Հայաստանը՝ որպես պարտված երկիր, պարտավոր է վճարել ռեպարացիաներ և որպես ռեպարացիա կարող է դիտարկվել նաև Ադրբեջանին Հայաստանի սուվերեն տարածքից որոշ շրջանների հանձնումը: Այդ մասին բացահայտ խոսում են ադրբեջանցի մերձիշխանական փորձագետները: Ադրբեջանն իր վնասները գնահատելու է միլիարդավոր դոլարներ, միջազգային դատական ատյաններում նույնիսկ կարող է որոշակի հաջողությունների էլ հասնել ու Հայաստանից պահանջել վճարել: Իսկ չվճարելու դեպքում՝ Բաքվին հանձնել որոշակի տարածքներ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ