Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Սեպտեմբերի 18-ին՝ Արցախի վրա հարձակման տարելիցի նախորդ օրը, սենսացիոն բացահայտում հրապարակեց Քննչական կոմիտեն։
Վստահ եմ, գրեթե բոլորդ լսել եք այդ պատմությունը. ինչ-որ մարդիկ, այդ թվում արցախցիներ (այդ պահը հատուկ շեշտել են), իբր մեկնել են Ռուսաստան հատուկ ռազմական պատրաստություն անցնելու, որպեսզի, ենթադրաբար, Հայաստանում հեղաշրջում անեն։
Թեման լավ շրջանառեցին իշխանական պատգամավորների և զանազան դանիելիոաննիսյանների մեկնաբանություններով։
Այնուամենայնիվ, երբ խորանում ես թեմայի մեջ, ինչպես միշտ հարցեր են առաջանում։
Ա. Նախ՝ հաղորդագրության մեջ հայտնում են, որ մարզումների մեկնածները պետք է ամսական 220 հազար ռուսական ռուբլի ստանային։ Միանգամից հարց է առաջանում, էդ ի՞նչ տարօրինակ թիվ է, ո՞վ պետք է վճարեր (այդ մասին որևէ բառ չկա), ինչո՞ւ են պարապելու համար գումար տալիս Հայաստանից մեկնած ենթադրյալ ապստամբներին, այլ ոչ թե հակառակը՝ ապստամբները չեն վճարում պարապմունքների համար։
Բ. Հաղորդագրությունում նշված «Արբատ» պոլիգոնն ի՞նչ է, ինչո՞վ է հայտնի։ Ինչո՞ւ են հենց այնտեղ մեկնել այդ մարդիկ։
Գ. ՔԿ-ի հաղորդագրությունը շատ խառն է կազմած և դա, վստահ եմ, հատուկ է արված, ընթերցողին շփոթեցնելու համար։ Իսկ ուղեկցող տեսանյութում տեղ գտած խուզարկության կադրերում չկա հրազենի գեթ մեկ միավոր։ Երևում է մի քանի դանակ, նռնակի պայթուցիչ (չենք կարող բացառել, որ ուսումնական նռնակի է), մի բուռ փամփուշտ (տեսականորեն կարող են և օրինական լինել), մի հատ էլ հեռադիտակ։
Հաղորդագրության հրապարակումից հետո շատ արագ պազրվեց, որ «Արբատը» Ուկրաինայում և Կուրսկի մարզում ռազմական գործողություններին մասնակցող ռուսաստանահայերի ստորաբաժանում է։ Ստորաբաժանման հրամանատարը հերքել է, որ ՀՀ-ում որևէ գործողություն են պլանավորել։
Նաև հայտնի դարձավ, որ տարբեր փուլերում այդ ստորաբաժանումը մարդիկ է փորձել ներգրավել նաև այլ երկրներից, ոչ միայն հայերի։
Ու, վերադառնալով ամսական 220 հազար ռուբլուն. մի քիչ գուգլելով՝ իմանում ենք, որ ՌԴ-ում պայմանագրային զինծառայողի ամսական վարձատրությունը նվազագույնը 195 հազար ռուբլի է։
Հաշվի առնելով, որ Ռուսաստանի տարբեր մարզերի տեղական իշխանությունները նույնպես ինչ-որ լրացուցիչ բոնուսներ են վճարում իրենց մարզերից պայմանագրայիններին, կարծես թե հասկանալի է դառնում, թե այդ 220 հազար ռուբլին ինչ է։
Ես շատ հավանական եմ համարում այն վարկածը, որ Հայաստանից մի քանի հոգի մեկնել են Ռուսաստան, որպեսզի պայմանագիր կնքեն ու մասնակցեն Ուկրաինայում և Կուրսկում գործողություններին՝ «Արբատի» կազմում։
Նրանց մի մասը ինչ-ինչ պատճառներով մտքափոխ է եղել, հետ է եկել (ինչը հաճախ է պատահում, որովհետև նույնիսկ պարապմունքների փուլում ամեն ինչ սկսում է շատ ավելի այլ կերպ երևալ, քան հեռվից)։
Այդքան բան։
ԱԱԾ-ն ու ՔԿ-ն էլ առիթը բաց չեն թողել այս թեմայի հիման վրա մի հոգեցունց դավադրություն մոգոնելու և սեպտեմբերի 19-ին ընդառաջ Նիկոլին ճոխ քարոզչական նվեր անելու։
Ինչպես Շեքսպիրն էր ասում. «Much ado about nothing» կամ «Много шума из ничего»...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը