Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակներում կհանդիպի Նիկոլ Փաշինյանին, Ուկրաինայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Զելենսկուն և Մասուդ Փեզեշքիանին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է թուրքական Sabah թերթը։
Նշվում է, որ Էրդողանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և նրանց մեծ մասին կընդունի Նյու Յորքի թուրքական դիվանագիտության խորհրդանիշ Թուրքիայի տանը (շենքը գտնվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց):
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը