14 09 2024

Պետք է տարբերակել՝ ինչ է կատարվում իրական աշխարհում. ՌԴ փոխվարչապետ

Պետք է տարբերակել՝ ինչ է կատարվում իրական աշխարհում. ՌԴ փոխվարչապետ

Հայաստանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, այցելել է Լոռու մարզ: Ուղևորության ընթացքում նրան ուղեկցել են «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչները: 

Էլեկտրագնացքով Վանաձորից Ախթալա մեկնած ՌԴ փոխվարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Փաշինյանի հետ մանրամասն քննարկվել են երկկողմ օրակարագին վերաբերող հարցեր, անդրադարձ է արվել տնտեսական համագործակցության արդյունքներին, աճող ապրանքաշրջանառությունը։

«Լավ, հանգամանալից զրույց է կայացել: ԵԱՏՄ-ում Հայաստանը շատ ակտիվ, դրական դեր ունի: Մենք տեսնում ենք, թե ինչպես է աճում և զարգանում Հայաստանի տնտեսությունը՝ ցույց տալով ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի աճի ամենալավ տեմպերը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ տնտեսական նման հաջողություններն առաջնահերթ ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիոն կապերի շնորհիվ են: Եթե 2023թ․ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 7,3 միլիարդ դոլար էր, ապա այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով այդ ցուցանիշն արդեն գերազանցել է 8,4 միլիարդ դոլարը: Սա հնարավոր է դարձել մի քանի պատճառներով՝ հասանելիություն դեպի 190-միլիոնանոց շուկա, անմաքս առևտուր, ապրանքների, ծառայությունների, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատություն և այլն»,- ասել է նա:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ ՌԴ փոխվարչապետը նշել է. «Կա իրականություն ու կա մեդիայում ներկայացվող, հաճախ՝ բացասական ֆոն։ Մենք ունենք երկու երկրների միջև ապրանքաշրջանառության իրական աճ, որը խոսում է մեր երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման մասին, կա ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայացուցչի իրական աշխատանքը։ Պետք է տարբերակել՝ ինչ է կատարվում իրական աշխարհում և ինչ է մատուցվում մեդիայի օրակարգով, որը հաճախ չի համապատասխանում իրականությանը»:

Ալեքսեյ Օվերչուկը երեկ` սեպտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, որը տևել է մոտ 5 ժամ:

«Մանրամասն անդրադարձ ունեցանք ամբողջ երկկողմ օրակարգին։ Քննարկել ենք և՛ տրանսպորտային կապի, և՛ երկկողմ առևտրի հարցերը, անդրադարձել ենք հումանիտար, ավիացիոն ոլորտում համագործակցությանը, նաև զբոսաշրջությանը»,- մանրամասնել է ՌԴ փոխվարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ