ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ երեք բնակավայր հարձակման են ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Նրա խոսքով՝ Բորիսովի շրջանի Գրուզսկոյե գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է Սուրբ Նիկոլայ եկեղեցուն։
Պայթյունի հետևանքով հրդեհվել է տաճարի գմբեթը, հրդեհն արդեն մարվել է։
Գլադկովը հավելել է, որ Շեբեկինո քաղաքում հարձակում է տեղի ունեցել առևտրային ձեռնարկության վրա, մեկ առանձնատան տանիքը վնասվել է, ապակիները՝ կոտրվել։
«Ռժևկա գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է ձեռնարկության տարածքին. երկու մեքենա վնասվել է, ևս մեկ մեքենա ամբողջությամբ այրվել է»,- գրել է նահանգապետը Telegram-ում։
Զոհեր և վիրավորներ չկան։
Մինչդեռ ռուսական զորքերը հարձակվել են Խարկովի մարզի վրա, վիրավորվել է 14 մարդ։ Այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել է Խարկովի ռազմատարածքային վարչակազմի նախագահ Օլեգ Սինեգուբովը, հայտնում է Censor.NET-ը։
Նրա խոսքով՝ հարված է հասցվել Խարկովի ավիացիոն ինստիտուտին, ինչի հետևանքով շենքը զգալի վնասներ է կրել: Վնասվել են սենյակների և միջանցքների առաստաղները, կոտրվել են ապակիներն ու դռները:
Հաղորդվում է նաև, որ ՌԴ-ն հարվածել է Կուպյանսկին, որտեղ 2 կին է զոհվել ռուսական հարձակումներից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը