Ասյօր՝ սեպտեմբերի 2-ին, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Շահրամանյանն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը և ինքը կապ չունի Արցախը հանձնելու հետ, նախագահը պատասխանեց.
«Տեղահանվելով և ՀՀ տեղափոխվելով՝ մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ մեր համար առաջնահերթություն է ՀՀ անվտանգությունը և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք այն գործընթացները, որոնք իրականացվում են ՀՀ իշխանությունների կողմից՝ չվնասելով անվտանգային համակարգին։ Սակայն տեսնում ենք, որ տարբեր առիթներով մանիպուլացվում է Արցախի լուծարման հետ կապված հարցը։ Առաջինը՝ դա սուտ թեզ է և այդ փաստաթուղթը մենք ստիպված ենք ստորագրել՝ ապահովելով խաղաղ բնակչության, զինված ուժերի և ուժային կառույցների ղեկավարների անվտանգ տեղափոխումը ՀՀ։ Այդ փաստաթղթի մասով ուզում եմ տեղեկացնել, որ այն հակասահմանադրական և հակաօրինական է, չի ստացել իրավական ուժ, չի հրապարակվել, չի համարվում նորմատիվ ակտ։ Մենք այդ փաստաթղթի վերաբերյալ որոշում ենք կայացրել, որը ներկայացրել եմ ՀՀ կառավարություն։ Եվ այսօր խոսել այդ փաստաթղթի ուժ ունենալու մասին, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ իշխանությունները տեղյակ են եղել, որ նման թուղթ է ստորագրվելու»,- ասաց Շահրամանյանը՝ հավելելով, որ Արցախի ժողովրդի անունից վերջին տասնամյակներում մշտապես բանակցել են ՀՀ իշխանությունները և Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը ևս ՀՀ իշխանությունների խնդիրն է․
«Մենք պատրաստ ենք համագործակցել շահագրգիռ բոլոր կառույցների հետ։ ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ պաշտպանելու արցախցիների իրավունքները»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը