02 09 2024

Ցավոք, այսօրվա իշխանությունները բռնել են Արցախի հարցը մոռացության տալու ճանապարհը. Ուրանում են. Սերժ Սարգսյան

Ցավոք, այսօրվա իշխանությունները բռնել են Արցախի հարցը մոռացության տալու ճանապարհը. Ուրանում են. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ։

«Արցախը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին անկախ է հռչակվել այդ ժամանակ գործող բոլոր իրավական և միջազգային նորմերին համապատասխան: Դրանից երեսուներկու տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված, իր բնօրրանից ամենազազրելի մեթոդներով բռնի տեղահանված արցախահայությունն ունի արժանապատիվ պայմաններով վերադարձի իրավունք, և ստեղծված իրավիճակում նրա անքակտելի իրավունքների իրացման համար առկա են միջազգային մեխանիզմներ:

Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է՝ անտեսելով արցախահայության իրավունքն ու վերադարձի հնարավորությունը, անթաքույց սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը, անարգում հանուն Արցախի նահատակվածների հիշատակը, ազատ և անկախ ապրելու համար պայքարած, անասելի զրկանքներ կրած մեր ժողովրդի ճնշող մեծամասնության նվիրական գործը:

Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ:
Բավարար ջանքեր գործադրելու, հնարավոր բոլոր միջոցներով նպատակային աշխատանք իրականացնելու պարագայում կարող ենք հաջողության հասնել:

Աներկբա է, որ այս հարցում առաջին հերթին անհրաժեշտ է պետական մակարդակով և ազգային շահի պաշտպանության դիրքերից շահագրգիռ աշխատանք իրականացնել, որի համար կարևոր է այդպիսի գիտակցումով իշխանություն ունենալը:
Ցավոք, այսօրվա իշխանությունները բռնել են Արցախի հարցը մոռացության տալու ճանապարհը:
Ուրանում են:

Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ջատագով քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է անտարբեր մնա հայ ժողովրդի՝ հազարամյակներով իր բնօրրանում ապրած մի մեծ հատվածի հայրենազրկման ու բռնի տեղահանման հարցում»,- ասվում է ուղերձում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ