29 08 2024

Կառավարությունը լուծարեց ԱՆԻՖ-ը

Կառավարությունը լուծարեց ԱՆԻՖ-ը

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 29-ի  նիստում որոշում ընդունեց լուծարել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ-ը)։

Հիմնավորման մեջ ասվում է. «Նախագծի մշակման հիմք է հանդիսացել 2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության արձանագրության 3-րդ կետի պահանջները՝ Ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլերի ձեռնարկման համար։

Ընկերության կուտակված պարտավորությունների մարման նպատակով 2024 թվականի հունիսի 27-ին ընդունվել է ««ՀՀ 2024-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ, ՀՀ կառավարության 2023-ի դեկտեմբերի 28-ի որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որի հիման վրա 2024 թվականի հուլիսի 29-ին Կոմիտեի և Ընկերության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» N ԱՆԻՖ-1 պայմանագիրը, արդյունքում Ընկերությանը տրամադրվել է 1,700,000,000 ՀՀ դրամ գումար։

Նշված գումարով 08.08.2024թ. դրութամբ մարվել է 1,277,980,059.10 ՀՀ դրամ գումարի պարտավորություն, որոնք իրենցից ներկայացնում են վարկի մարումներ, վարկային տոկոսավճարներ և տույժեր, աշխատակիցների աշխատավարձ, վերջնահաշվարկներ, արձակման նպաստներ, վարձավճար և այլ վճարներ։

Գումարի մնացորդը կազմում է 422,019,940.86 ՀՀ դրամ։

Ընկերության ակտիվները հաշվապահական հաշվառման տվյալների համաձայն իրենցից ներկայացնում են՝

հիմնական միջոցներ, որից

-հողամասեր՝ թվով 25 միավոր, 547.3109 հա մակերեսով,

-այլ հիմնական միջոցներ (գրասենյակային գույք, համակարգչային տեխնիկա, սարքավորումներ և այլն)՝ 337 հատ, 21,615,000 ՀՀ դրամ,

-ոչ նյութական ակտիվներ՝ 226,701,000 ՀՀ դրամ,

-բաժնեմասնակցության և սկզբնական արժեքի մեթոդներով հաշվարկվող  ներդրումներ՝ 7,310,757,000 ՀՀ դրամ,

-պաշարներ՝ 708,000 ՀՀ դրամ,

-դեբիտորական պարտքեր՝ 8,681,786.87 ՀՀ դրամ։

Պարտավորություններ՝ շուրջ 110,000,000 ՀՀ դրամ, որից 100,000,000 ՀՀ դրամը հանդիսանում է «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված փոխառությունը։

Որոշման նախագծով նախատեսվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող «Մասդար Հայաստան 1», «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ»  և «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը և Ընկերությանը սեփականության իրավուքով պատկանող հողամասերը նվիրատվությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։

Նվիրատվության արդյունքում «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել, իսկ հողամասերն ամրացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ»  և «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին։

Հավելված 2-ում առկա Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ոչ նյութական ակտիվները նախատեսվում են անհատույց նվիրաբերել «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը որ նշված ոչ նյութական ակտիվները հանդիսանում են «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության ծրագրային ապահովումներ և ձեռք են բերվել Ընկերության կողմից մինչև «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրումը։

Նշված աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է լուծարել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը։

Լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո, լուծարման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի կողմից նախատեսվում է իրավական աջակցության ծառայությունների ձեռք բերում՝ մասնագիտական կազմակերպության ներգրավման ճանապարհով։

Վերը նշված գործընթացի ֆինանսական միջոցների աղբյուր է հանդիսանալու Որոշման հիման վրա Ընկերության կողմից ստացված 1,700,000,000 ՀՀ դրամ գումարի մնացորդը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ