Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Բաքուն բաց է Հայաստանի հետ բանակցային գործընթացի համար:
«Այդ նպատակով մենք օգտագործում ենք ուղիղ երկկողմ ձևաչափ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Միաժամանակ երբեք չենք հրաժարվել տարբեր հարթակներից: Ռուսաստանի Դաշնության հարթակը մեզ համար միշտ ընդունելի է եղել»,- նշել է նա։
Միժամանակ, ադրբեջանցի նախարարը Երևանի նկատմամբ հետագա պահանջներ է հնչեցրել։
«Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այն է, որ մենք նպատակաուղղված ենք Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց մենք լիովին հավատարիմ ենք այն գծին, որ բոլոր այն անհիմն պահանջները, բոլոր այն անհիմն դիրքորոշումները, որոնք Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է տասնամյակներ շարունակ, պետք է ամբողջությամբ վերացվեն: Եվ դա չպետք է տեղի ունենա հայտարարությունների և հռչակագրերի մակարդակով, այլ դա պետք է արտացոլվի իրավական հիմնավորված ձևով: Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի ապագայում երկրների միջև տարածքային խնդրին վերադառնալու բոլոր հնարավոր ռիսկերը»,- հավելել է Բայրամովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը