10 08 2024

Ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են արցախցիներին բնակապահովման պետծրագրում փոփոխության փաթեթ

Ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են արցախցիներին բնակապահովման պետծրագրում փոփոխության փաթեթ

Անցնող մի քանի շաբաթներին շատ ակտիվ վերսկսվել են Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր խմբակցությունների և ՀՀ ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ մասնակցությամբ աշխատանքային քննարկումները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ համատեղ ՀՀ կառավարությանն ուղղված գրություն-առաջարկով ներկայացրել են Արցախից բռնի տեղահանվածներին բնակտարածքի ապահովման պետական ծրագրում համակարգային փոփոխություններ կատարելու գործողությունների փաթեթ․

«Նման ձևաչափի նպատակը եղած խնդիրները վեր հանելն է, հաշվառելը, փորձել դրանց լուծումներ տալ, վերամշակել մինչ այժմ եղած ծրագրերը և վերացնել դրանցում առկա բացերը։ Հիմա արդեն գործնական քայլերի փուլն է:

Երեկ գործընկերոջս՝ Տիգրան Աբրահամյանի հետ համատեղ ՀՀ կառավարությանն ուղղված գրություն-առաջարկով ներկայացրել ենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակտարածքի ապահովման պետական ծրագրում համակարգային փոփոխություններ կատարելու գործողությունների փաթեթ։

Կառավարության մշակած ծրագիրը չի տալիս ցանկալի արդյունքը. հարյուրավոր դիմումատուների ճնշող մեծամասնությունը մերժում է ստացել՝ եղած սահմանափակումների ու պահանջների պատճառով։

Բացի բնակտարածքի ապահովման հարցից օրակարգում են նաև՝ պարտադիր կուտակային համակարգում Արցախում կատարված վճարումների ճակատագրի ճշգրտումը, եղած սոցիալական հատկացումների շարունակականության ապահովումը, քաղաքացիության հետ կապված թնջուկի հանգուցալուծումը, ԱՀ պետական և այլ ոլորտներում աշխատողների ստաժների հաշվառման հարցը ու բազում չլուծված խնդիրներ։

Այդ առումով ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն օգտագործելու են բոլոր հնարավորությունները՝ հարցումներ, առաջարկներ, ՍԴ դիմումներ և այլ միջոցներ։ Առաջիկայում այդ քայլերի մասին առավել մանրամասն կլինեն հրապարակային հայտարարություններ և գործողություններ։

Կից տեղադրում եմ ՀՀ կառավարությանն ուղղված բնակտարածքների ապահովման ծրագրում առաջարկվող փոփոխույթուններով գրությունը»,- ասվում է պատգամավորի գրառման մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ