Zham.am-ը գրում է․
Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ գալու են «նոր Հայաստանի» իրական, մաքուր բարքերի ժամանակները, շատերը դեռ հավատում էին, որ նույնիսկ բնույթով գեղցիները կարող էին, իբր, կառուցել ժամանակակից պետություն:
Մեզ համար դեռ այն ժամանակ էր պարզ, որ գեղցու համար նաև քաղաքակրթական դժվար խնդիր է ժամանակակից երկիր կառուցելը: Այսինքն, եթե նույնիսկ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը, համարենք, անկեղծ էր իր մտադրություններում, միևնույն է, նրան չէր հաջողվելու, քանի որ գեղցին չի կարող այդպիսի պետություն կառուցել, եթե նույնիսկ շատ ուզենա: Նա իհարկե դա կփորձի թաքցնել, բայց վերջիվերջո դա ինչ-որ տեղից դուրս է գալիս: Երբ նա կարգախոսով հանդես եկավ, որը կոչվում էր բառացի հետևյալ կերպ. «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», արդեն երևում էր, որ նրա մեջ գեղցին սկսեց երևալ ավելի ցայտուն կերպով:
Ճիշտ է, Փաշինյանը փորձում էր կապկել «դեմոքրասիի»լիդերներին և նույնիսկ սկսեց հեծանիվ վարել, բայց բոլորի համար հասկանալի էր, որ իրականում նա հեծանիվի սիրահար չէ: Հակառակ դեպքում, նա թույլ չէր տա, որ 6 տարվա մեջ ընդամենը... 150 մետր հեծանվուղի կառուցվեր:
Եվրոպական երկրներում իրենց լիդերները հեծանիվ վարում են, որպեսզի օրինակ ծառայեն իրենց քաղաքացիների համար: Իսկ որպեսզի այդ քաղաքացիները կարողանան հեծանիվ վարել, նրանց համար կառուցում էին հեծանվային ուղիներ:
Այսօր հեծանիվը «դեմոքրասիի» երկրներում, որտեղ շատ են սիրում հանգստանալ Փաշինյանի թիմակիցները, համարվում է հետիոտնից հետո երկրորդ գերակա զարգացման ուղին, որի համար էլ այնտեղ կառուցում են տասնյակ կիլոմետրանոց հեծանվուղիներ:
Ավելին, որպես գաղտնիք նշենք, որ հեծանիվը պոպուլյար է դարձել ոչ միայն «դեմոքրասիի», այլ նաև այլ երկրներում:
Օրինակ, Մոսկվան ունի բավականին մեծ երկարությամբ և քանակով հեծանվային ուղիներ:
Հարևան Վրաստանում՝ Թբիլիսիում արդեն կառուցվել է ավելի քան 20 կմ հեծանվային ուղի: Բաթումիում՝ 6 կմ:
Սակայն Ռուսաստանի, կամ Վրաստանի ղեկավարները առավոտյան ձևականորեն հեծանիվ չեն վարում:
Իսկ Փաշինյանը որոշել է նմանվել «դեմոքրասիի» լիդերներին, բայց մոռացել է սեփական երկրում, որն իր «օջախն է համարումե, կառուցել հատուկ ուղիներ: Որովհետև, ինչպես այլ հարցերում, նա այս հարցում էլ անկեղծ չէ, ձևական է: Եվ քանի որ ինքը այս հարցում էլ անկեղծ չէ, ապա նրա ենթակաների մտքով անգամ չի անցնում, գոնե շեֆի համար, Երևանում էլ կառուցեն, ասենք 3 կմ հատուկ ուղի:
Փաշինյանի Հայաստանը, դա ծայրից ծայր կեղծ բարքերի վրա հիմնված երկիր է: Իսկ իրական նրանց արժեքների մասին հիշեցրեց «նոր Հայաստանի» ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, երբ հարսանիքի ժամանակ 20 հազարանոցներ էր «նվեր» տալիս: Մի բան, որ նույնիսկ «հին Հայաստանում» արդեն այդ բարքերից աստիճանաբար հրաժարվում էին:
Սա հայ ժողովուրդի համար հասարակ ողբերգություն չէ, սա մեծ ողբերգություն է, քանի որ երկրի ղեկը հայտնվել է գեղցի փողոցայինների ձեռքերում, և սրանք երկիրը կառավարում են իրենց «արժեքների» և պատկերացումների համաձայն, որի արդյունքում մենք ունեցանք թե՛ տարածքային, թե՛ մարդկային, և թե՛ լուրջ արժեքային կորուստներ:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը