Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) օգոստոսի 1-ից սկսել է գազի մատակարարումները Սլովենիա:
«2024 թվականի օգոստոսի 1-ից SOCAR-ն սկսել է գազի մատակարարումները Սլովենիա: Մատակարարումներն իրականացվում են փոխըմբռնման հուշագրին համապատասխան, որն այս տարվա հուլիսի 17-ին SOCAR-ի և Սլովենիայի բնական գազի շուկայի խոշորագույն ընկերության՝ Geoplin-ի միջև ստորագրվել է գազամատակարարման բնագավառում համագործակցության ընդլայնման նպատակով», – հայտնել է SOCAR-ի մամուլի ծառայությունը։
Լուրը մեկնաբանել է Սլովենիայի շրջակա միջավայրի, կլիմայի և էներգետիկայի նախարար Բոյան Կումերը:
«Հավատում եմ, որ այս և հետագա գործարքները կհանգեցնեն երկարաժամկետ հաջող համագործակցության ոչ միայն երկու ընկերությունների, այլև երկու երկրների միջև»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը, որպես կարևոր ռազմավարական մատակարար ԵՄ-ի համար, լրացուցիչ հնարավորություն է Սլովենիային գազի մատակարարումների դիվերսիֆիկացման համար:
Կումերը նաև նշել է, որ 2024 թվականի հուլիսի 17-ին Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Պարվիզ Շահբազովի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ջանքեր գործադրել՝ երկու երկրների ընկերությունների համագործակցության հնարավորություններ բացելու համար նաև այլ ոլորտներում։
Հստակեցվում է, որ Թուրքիայից, Վրաստանից, Իտալիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Հունգարիայից և Սերբիայից հետո Սլովենիան դարձել է 9-րդ երկիրը, որին ադրբեջանական գազ է մատակարարվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը