30 07 2024

Քըլըչը Ռուբինյանի հետ հանդիպումը գնահատել է կառուցողական փոխըմբռնում

Քըլըչը Ռուբինյանի հետ հանդիպումը գնահատել է կառուցողական փոխըմբռնում

Հայ-թուրքական բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ այսօրվա հանդիպմանը:

Նա X-ում հանդիպումից տեսանյութ է հրապարակել և գրել. «Մենք անցկացրել ենք հանդիպումների հինգերորդ փուլը Թուրքիայի և Հայաստանի սահմանային գոտում՝ առավոտյան հայկական կողմում, իսկ կեսօրին՝ թուրքական կողմում։ Մենք կառուցողական փոխըմբռնմամբ քննարկել ենք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։

Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից, նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։

Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ