09 07 2024

Ադրբեջանում ներկայիս զարգացումներն ինչ-որ առումով հիշեցնում են պատերազմական 2020 թվականը. Վարդան Բալյան

Ադրբեջանում ներկայիս զարգացումներն ինչ-որ առումով հիշեցնում են պատերազմական 2020 թվականը. Վարդան Բալյան

«Այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ընտրությունների անցկացման ներքաղաքական օբյեկտիվ պատճառներ, ըստ էության, չկան»,-այս համոզմանն է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։

Նրա խոսքով, նախագահ Ալիևի գլխավորած Ենի Ազերբայջան/Նոր Ադրբեջան կուսակցությունը այլևս լուծարված խորհրադարանում բացարձակ մեծամասնություն ուներ՝ 125 պատգամավորից 72-ը ներկայացնում  էին վերջին արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Իլհամ Ալիևի ղեկավարած քաղաքական ուժը:

«Ներկայիս զարգացումներն ինչ-որ առումով հիշեցնում են պատերազմական 2020 թվականը:

Հիշեցնեմ, որ 2019 թվականի նոյեմբերին «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավորները նախաձեռնեցին մեջլիսի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց, որի արդյունքում դեկտեմբերի 2-ին Միլլի մեջլիսը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց համապատասխան որոշում: Դեկտեմբերի 7-ին այդ երկրի ԿԸՀ-ն սկսեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթաց, քվեարկությունը կայացավ արդեն 2020 թվականի փետրվարի 8-ին 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ: Որքան էլ չցանկանանք զուգահեռներ անցկացնել ներկա իրավիճակի հետ, դրանք ակնհայտ են:

Այն, որ այս ընտրություններով Ալիևը հետպատերազմական սրբագրումներ է անում իշխանական համակարգում, անկասկած է և անվիճարկելի է: Միայն այն հանգամանքը, որ ներկայիս 72 իշխանական պատգամավորներից, ամենայն հավանականությամբ, 41-ը ներկայացված չեն լինելու նորընտիր խորհրդարանում, ինքնին առավել քան խոսուն փաստ է: 

Երկրորդ հետաքրքիր արձանագրումն այն է, որ նոր խորհրդարանում  նախագահական քաղաքական ուժը թերևս ներկայացված կլինի անձապես Իլհամ և Մեհրիբան Ալիևներին հավատարիմ պատգամավորներով: Ադրբեջանում տասնամյակներով պետական կառավարման ոլորտում ընտանեկան-կլանային և տարածքային-կլանային տարբեր խմբավորումներ իշխանության ապագա տրանսֆերին ընդառաջ ուղղակի դուրս են մղվում քաղաքականությունից վերջնականապես: Այս և բազմաթիվ այլ հանգամանքներով պայմանավորված, կարծում եմ, անհրաժեշտություն կա Ադրբեջանում դիտարկելի քաղաքական գործընթացներին առավել մեծ ուշադրություն դարձնել»,-գրում է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ