25 06 2024

Կոնկրետ ի՞նչ է մտադիր «սղացնել» Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի քողի տակ․ AlphaNews



Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր շուրջ արհեստական իրականություն ստեղծել՝ բոլորիս դարձնելով դրա մի մասը: Այսպես, ելույթ ունենալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովում, Փաշինյանը հայտարարել է, թե իբր ժողովուրդն իրենց (իշխող կուսակցությանը) ասել է. «Մենք այլևս չենք ուզում պայքարել, գոյատևել, տառապել, զոհաբերել ինքներս մեզ։ Մենք պարզապես ուզում ենք ապրել»: Ըստ նրա՝ սա ժողովրդի ուղերձն է «վերնախավերին»։

Մի կողմ թողնենք նույնիսկ այն, որ անգամ 2021-ին Փաշինյանի նախընտրական ծրագիրը ենթադրում էր կռիվ, պայքար (իսկ ինչպե՞ս կարող ենք առանց կռվի կամ պայքարի ազատագրել Շուշին ու Հադրութը), և նկատենք, որ այս հայտարարությունը «ՔՊ» ղեկավարի կողմից հերթական քարն է իշխանությունների կողմից վարած քաղաքականության խճանկարում: Քաղաքականություն, որտեղ կարևոր կետը պետք է լինի Սահմանադրության փոփոխության հանրաքվեն, քանի որ Բաքուն դա պահանջում է բավականին բացահայտ և վճռականորեն։

Բաքվում արդեն սա բացահայտ ասում են թե՛ ԱԳՆ-ի, թե՛ նախագահի մակարդակով, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների «խաղաղության պայմանագիրը» չի ստորագրվի։ Ալիևին և Էրդողանին նյարդայնացնում է Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին կան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող կետեր։

Դատելով իշխանությունների հռետորաբանությունից՝ ՀՀ Սահմանադրություն փոփոխելու հանրաքվեի ժամանակ կարող է սահմանել, որ Հայաստանը «ապադաշինքային պետություն է», ինչը նշանակում է երկրի դուրս գալը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, ինչն իր հերթին նշանակում է՝ ՀՀ-ի անվտանգային համակարգը ամբողջությամբ կքանդվի, կքանդվի երկրի տարածքային ամբողջականությունն ապահովող «անվտանգության գմբեթը»: Ավելին, սահմանադրական հանրաքվեն կարող է զուգակցվել Ադրբեջանին տարածքների հանձնման հանրաքվեի հետ՝ այսպես կոչված «սահմանազատման» շրջանակներում։

Եվ որքան էլ իշխանությունները «բղավեն» Բագրատ Սրբազի շարժումն իբր տապալելու մասին, կամ այն մասին, որ իրենք իբր շարունակում են մնալ լեգիտիմ իշխանություններ, նրանք բոլորից լավ գիտեն, որ ոչ միայն 2018-ի, այլ նույնիսկ 2021-ի լեգիտիմությունից գործնականում ոչինչ չի մնացել։ Եվ հենց այդ նպատակով է, որ մարդկանց ինչ-որ կերպ ընտրատեղամասեր «քշելու» տարբերակներ պիտի մտածվեն։ Ու Նիկոլ Փաշինյանը որոշակի «անտեսանելի ձեռքի» հետ միասին որոշեցին խաբել մարդկանց և միավորել Էրդողանի և Ալիևի պահանջների իրականացմանն ուղղված հանրաքվեն՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հետ միասին։

Հստակ արձանագրենք, որ Հայաստանում կամ Մոլդովայում անցկացվելիք նման հանրաքվեն իրավական նշանակություն չունի պաշտոնական Բրյուսելի համար։ Ընթացակարգային տեսանկյունից այս հանրաքվեն ոչ Հայաստանին, ոչ Մոլդովային կամ որևէ այլ երկրի չի մոտեցնի ԵՄ-ին նույնիսկ մեկ միլիմետրով։ Նույն հաջողությամբ ՀՀ իշխանությունները կարող էին հանրաքվե անցկացնել Միացյալ Նահանգների կազմում նոր նահանգ դառնալու իրենց մտադրության վերաբերյալ, և դա բացարձակապես ոչինչ չէր փոխի։

Հունիսի 21-ին Հայաստանի Ազգային ժողովում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու թեմայով լսումներ անցկացրած զանգվածը նույնպես դա շատ լավ հասկանում է։ Նրանք Հայաստանը տանում են կազմաքանդման, քաղաքական հակասություններից բզկտված Ուկրաինայի դափնիները հանգիստ չեն տալիս նրանց, բայց իրենք ստիպում են ՀՀ քաղաքացիներին գնալ ինքնասպանության «եվրաինտեգրման» մասին կեղծ կարգախոսներով։ ՀՀ բնակիչներին ուզում են համոզել, որ մեզ ԵՄ-ում են սպասում ու մնում է հանրաքվե անել ու հայտնվել այնտեղ… Թող պատմեն «պարզ հանրաքվեի միջոցով դեպի ԵՄ տանող ճանապարհի», Թուրքիայի, Սերբիայի, Մակեդոնիայի և այլ երկրների բնակիչների մասին, որոնք ավելի քան 10 տարի սպասում են «Բրյուսելից անդամակցության թույլտվության»։

Ընդհանրապես, հունիսի 21-ին ԱԺ-ում տեղի ունեցածը Եվրամիության ու ամբողջ Եվրոպայի ամենավատ հակագովազդն էր։ Հատկապես աչքի ընկավ այն կերպարը, ով Հայաստանի՝ թյուրքական աշխարհին ինտեգրվելու ճանապարհին գնաց այնքան հեռու, որ այսպես կոչված «ռուսական կոշիկը» կամ «ռուսական գալոշը» դրեց հենց ԵՄ դրոշի վրա՝ դրանով, այսպես ասած, դնելով ԵՄ-ն «ռուսական ոտքի տակ»:

Պարզ է, որ Եվրոպայում ապուշներ չեն նստում, չեն նստում նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունում, և այս համատեքստում հարց է առաջանում ՝ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը չի՞ տեսել այն ամբողջ քաղաքական ստրիպտիզը, որը տեղի ունեցավ հունիսի 21-ին։

Մարագոսը բոլորից լավ գիտի, որ այս լսումները մեծ սպասումներ են առաջացնում հայ ժողովրդի մոտ, և դա այն դեպքում, որ ոչ ոք չի պատրաստվում Հայաստանին տեսնել ԵՄ կազմում։ Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում. իսկ գուցե ԵՄ-ում շատ լավ հասկանում են՝ հայաստանյան իշխանությունների կողմից իրականացվող գործողությունները կհանգեցնեն նրան, որ ՀՀ-ն կկրկնի ԼՂՀ ճակատագիրը, և այս դեպքում Բրյուսելը նպատակ չունի ռազմավարական առումով պլանավորել իր հաղորդակցությունը հայ հասարակության հետ… Մարագոսը և ԵՄ այլ պաշտոնյաներ, ըստ ամենայնի, արդեն «դուրս են գրել հայերին այս տարածաշրջանից», այլապես դժվար է բացատրել Հայաստանում նման օրակարգի տարածումը:
Մտածե՛ք այդ մասին…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ