14 06 2024

Զախարովան համեմատել է ԱՄՆ արձագանքը՝ Հայաստանում և Վրաստանում բողոքի ցույցերին

Զախարովան համեմատել է ԱՄՆ արձագանքը՝ Հայաստանում և Վրաստանում բողոքի ցույցերին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր թելեգրամյան ալիքում համեմատել է ԱՄՆ արձագանքը՝ Հայաստանում և Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաներին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Հունիսի 13-ի հայտարարության մեջ ասվում է. «Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»:

Մինչդեռ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան մայիսի 2-ի հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Մենք կանգնած ենք Վրաստանի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց ձայնը լսելի լինելու նրանց իրավունքին։ Մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Խաղաղ հավաքների և խոսքի ազատությունը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է, և մենք կոչ ենք անում իշխանություններին թույլ տալ խաղաղ ցուցարարներին շարունակել օգտվել իրենց խոսքի ազատության իրավունքից»:

Երկու երկրներներում տեղի ունեցող բաղոքի ցույցերի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը Զախարովան մեկնաբանել է այսպես.  «Ահա և ամբողջ ժողովրդավարությունը: Մի դեպքում Վաշինգտոնն իր դեսպանատան միջոցով հայտարարում է, որ հանրահավաքները պետք է անցկացվեն ամենայն պատասխանատվությամբ և չի դատապարտում իշխանություններին դրանք ճնշելու համար, իսկ մյուս դեպքում՝ ակտիվորեն աջակցում է արևմտյան օտարերկրյա գործակալների կողմից կազմակերպած անկարգություններին: Սա հստակ պատկերն է «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի», որտեղ ԱՄՆ-ն ձեռքի շարժումով, տվյալ պահի հանգամանքներից ելնելով, փոխում է ցանկացած «կանոն»՝ իրեն հարմարեցնելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ