Որևիցե մակերես նշելը նշանակում է սահմանափակել քեզ այսօր իրականացվող սահմանագծման և սահմանազատման գործընթացում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե ինչու ընդդիմությունը չի ասում, թե որքան է ՀՀ տարածքն ըստ իրենց։
«Հայաստանն ու Արցախը 42 հազար քկմ են եղել։ Արցախն ամբողջությամբ՝ շուրջ 12 հազար քկմ, այս իշխանությունն է հանձնել։ Նիկոլ Փաշինյանը սրանից առաջ ասում էր՝ 29,800 քկմ է, և իրենք մմ-ի ճշգրտությամբ գիտեն ՀՀ տարածքը։ Պարզվեց՝ 29,800 չէ, 29,743 է։ Իրականության մեջ այսօր արդեն մնացել է 29,500 քկմ, բայց մակերեսը նշելը պետք է իրականացվի երկուստեք Ադրբեջանի հետ մեկտեղ: Ադրբեջանը հավակնում է 114 հազար քկմ-ի, դրա համար է, որ Ադրբեջանը չի նշում որևէ մակերես։ Այդ 114 հազարի մեջ շուրջ 14 հազարը ՀՀ տարածքից է։ Եթե նշվեն մակերեսներ, ապա պետք է պայմանավորվի՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկուստեք նշեն որքան են տարածքները, որոնք իրենք հավակնում են ունենալ, իսկ նշել 29,743 քկմ այս իրականության մեջ, նշանակում է նշաձողն իջեցնել կամ մինիմումի վրա պահել և քեզ սահմանափակել սահմանագծման և սահմանազատման գործընթացում, առավել ևս՝ ՀՀ-ն երբ մտել է որպես առանձին պետություն Խորհդային Միության տարածք, եղել է 31 հազար քկմ 1926 թվականի քարտեզներով»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը